Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել հյուրախաղերով (Լուսանկարներ)
Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում հանդես է եկել Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված հոբելյանական համերգներով:
Երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Թեհրանի «Վահդաթ» լավագույն օպերային դահլիճում: Այն նվիրված է եղել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, որին հնչել են Կոմիտասի խմբերգերը, մեներգերը և դաշնամուրային մանրանվագները:
Հուլիսի 22-ին նույն համերգասրահում կայացել է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգ: Հնչել են Մանսուրյանի խմբերգային ստեղծագործությունները: Երկու համերգներին ներկա է գտնվել Իրանի մտավորական խավը, միջազգային կազմակերպությունների, արվեստի, քաղաքական ոլորտի և այլ ասպարեզների ներկայացուցիչներ: Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում՝ լի ունկնդրի ջերմ ու հիացական արձագանքներով:
Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված համերգով հուլիսի 24-ին հանդես է եկել Արարատ մարզամշակութային ակումբի համերգասրահում.այս համերգը նախատեսված էր Իրանում բնակվող հայերի համար: Երեկոյին, բացի Կոմիտասի և Մանսուրյանի գործերից, հնչել են նաև Ռոբերտ Մլքեյանի կողմից կատարված ժողովրդական երգերի մշակումներից:
Նշենք, որ երգչախմբի հյուրախաղերը, որին մասնակցում էր նաև նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, կազմակերպել էր Իրանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Արտաշես Թումանյանի ղեկավարությամբ: Այցի շրջանակում երգչախմբի ղեկավարությունը և Տիգրան Մանսուրյանը հյուրընկալվել են նաև ԻԻՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, ազգությամբ հայ, արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանի կողմից:
Հավելենք, որ երգչախումբն առաջին անգամ էր Իրանում: Հաշվի առնելով բուռն արձագանքը և համերգների հաջողությունը՝ կոլեկտիվն արդեն բազմաթիվ հրավերների առաջարկություններ ունի Իրանում: