Բելառուսը երբեք և ոչ մի փողի դիմաց չի խզի հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ. Լուկաշենկո
Բելառուսը երբեք եւ ոչ մի փողի դիմաց չի խզի հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք ցանկանում ենք ունենալ լավ հարաբերություններ Արեւմտյան Եվրոպայի, առհասարակ Եվրոպայի հետ, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ։ Ես՝ որպես մարդ, որը երկար տարիներ քաղաքականության մեջ է, հասկանում եմ դա եւ հասկանում եմ՝ ինչ են նշանակում ԵՄ-ն ու Ամերիկան, բայց մենք երբեք եւ ոչ մի փողի դիմաց չենք խզի մեր հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ինչու մենք պետք է խեթ նայենք այդ երկրին, որը դժվար պահին միշտ մեզ թիկունք է եղել, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք հրաժարվել մեր սկզբունքային շահերից Արեւմուտքի, Արեւելքի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերություններում, որի հետ մենք լավ հարաբերություններ ունենք եւ ընդհանուր շահեր։ Դա երբեք չի լինի, եւ դուք դա տեսնում եք։ Ես ձեզ ասում եմ սա հրապարակավ եւ անկեղծ։ Ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք մեր քաղաքականությունը»։
Նա ընդգծել է, որ սա է Բելառուսի ամկախության էությունը։ «Դրա համար պայքարում են միշտ բալթյան պետությունները, այդ թվում Լատվիան։ Կարող եք համոզված լինել, որ հարաբերություններ ունեք ինքնիշխան անկախ պետության հետ։ Կարծում եմ, այդպես կլինի միշտ, համենայնդեպս, քանի ես նախագահ եմ, դա հաստատ»,- ընդգծել է Լուկաշենկոն։