Թուրքիան Ս-400 հրթիռները կտեղադրի արդեն 2020 թվականի ապրիլին. Էրդողան
Թուրքիան կործանիչների իր պահանջարկը կբավարարի այլ տեղերում, եթե ԱՄՆ-ը F-35 չվաճառի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ որոշումը՝ հանել Անկարային F-35-ների արտադրության ծրագրից, չի խանգարի բավարարել իր պահանջմունքը, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։
«Չեք ուզում Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառե՞լ։ Ուրեմն բարի եղեք չնեղանալ. Անկարան այլընտրանքային տարբերակներ կդիտարկի»,- ասել է Էրդողանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ Թուրքիան Ս-400 ԶՀՀ-ները կտեղադրի արդեն 2020-ի ապրիլին, այսինքն՝ համալիրների մոնտաժն ավարտելուց եւ անձնակազմի ուսուցումից հետո՝ ավելացնելով, որ Ակարան չի նահանջի իր դիրքորոշումից եւ թույլ չի տա վնաս հասցնել իր շահերին, ինչ էլ որ լինի։ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ պաշտոնական անձինք «խելամիտ» կլինեն պատժամիջոցների հարցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չտեղադրել Ս-400-ները պատժամիջոցներից խուսափելու համար։