Երեւանում՝ Թբիլիսիի եւ Թբիլիսիում՝ Երեւանի մշակույթի օրերի կազմակերպման համար առաջիկայում աշխատանքային խմբեր կստեղծվեն
2020 թվականին փոխադարձաբար Երեւանում՝ Թբիլիսիի եւ Թբիլիսիում՝ Երեւանի մշակույթի օրերի կազմակերպման համար առաջիկայում աշխատանքային խմբեր կստեղծվեն: Այս մասին ասված է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի եւ Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հանդիման մասին Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից ողջույններ է հղել քաղաքապետ Կախա Կալաձեին՝ հրավիրելով նրան մասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք Էրեբունի-Երեւան տոնակատարությանը: Իր հերթին փոխքաղաքապետ Խունտսարիան փոխանցել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեի ողջույնները՝ Հայկ Մարությանին հրավիրելով հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալիք Թբիլիսիի օրվա տոնախմբությանը:
Զրուցակիցները քննարկվել են երկու մայրաքաղաքների մշակութային կապերին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ 2020-ին փոխադարձաբար Երեւանում՝ Թբիլիսիի եւ Թբիլիսիում՝ Երեւանի մշակույթի օրերի կազմակերպմանն առնչվող: Այս երկու միջոցառումները նախապատրաստելու համար առաջիկայում աշխատանքային խմբեր կստեղծվեն:
Հանդիպմանը առանձնապես կարեւորվել է զբոսաշրջության ոլորտում Երեւանի եւ Թբիլիսիի համագործակցությունը: Մասնավորապես նշվել է, որ պետք է այնպես անել, որ Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրվի նաեւ Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին եւ հակառակը՝ Հայաստան ժամանողները տեղեկացվեն Վրաստանի համապատասխան ուղղությունների մասին: Առաջարկվել է նաեւ ստեղծել միասնական հարթակ, որտեղ կներկայացվեն երկու մայրաքաղաքները՝ որպես զբոսաշրջային ամբողջական ուղղություն:
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը եւ փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան քննարկել են նաեւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների ընթացքը: Տիգրան Վիրաբյանն իր գործընկերոջը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի առաջարկն առ այն, որ Թբիլիսիի այն հասցեներում, որտեղ տարբեր տարիներին ապրել է բանաստեղծը, տեղադրվեն հուշատախտակներ՝ QR կոդերով, որոնք կներկայացեն տեղեկատվություն Թումանյանի մասին:
Քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանը այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն: Հայաստանից դուրս հայկական միակ պետական թատրոնի շենքը ներկայումս հիմնանորոգվում է, իսկ բացումը նախատեսվում է 2021 թվականին: Տիգրան Վիրաբյանը հանդիպել է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի եւ թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ, որոնց հետ քննարկվել է առաջիկայում հյուրախաղերով Հայաստանում հանդես գալու հեռանկարը:
Այնուհետեւ տեղի է ունեցել այցելություն Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոն, որտեղ քննարկվել է Թբիլիսիում Վերնատունը «Մեկ օր՝ Թումանյանի վերնատանը» նախագիծը: Համաձայն առաջ քաշված գաղափարի՝ հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում, Վրաստանում եւ հայկական սփյուռքում ապրող մտավորականների մի խումբ մեկ օրով կհավաքվի Թբիլիսիում՝ նշանավոր Վերնատանը: Այսպիսով, Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ մեծ բանաստեղծն իր հյուրընկալ հարկի տակ կրկին կհավաքի հայ մտավորականության սերուցքը: