Թուրքիայի ազգային ՊՆ-ն տեղեկացրել է ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերի մատակարարման առաջին փուլի ավարտի մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հինգշաբթի տեղեկացրել է ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերի մատակարարման առաջին փուլի ավարտի մասին։
«Ս-400-ների բաղադրիչների առաջին խմբաքանակի մատակարարումները Անկարայի Մյուրթեդ ավիաբազա այսօր ավարտվել են։ Դրա շրջանակում իրականացվել է ինքնաթիռների 30 չվերթ։ Սպասվում է, որ երկրորդ փուլի մատակարարումները նույնպես կիրականացվեն Անկարայում»,- ասում է Անատոլիական գործակալությունը։
2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել էր Թուրքիայի հետ Ս-400-ների մատակարարման պայմանագրի կնքման մասին, դրա արժեքը կազմում է 2,5 մլրդ դոլար։ Անկարան կստանա երկու դիվիզիոն համալիր։ Պայմանագրով նախատեսվում է արտադրատեխնոլոգիաների մասնակի հանձնում թուրքական կողմին։ Առաջին մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին։
Ս-400 «Տրիումֆները» մեծ եւ միջին հեռահարության ռուսական զենիթային հրթիռային համակարգեր են։ Դրանք նախատեսված են խոցելու համար օդային հարձակման եւ հետախուզման միջոցները եւ ցանկացած այլ օդային թիրախ ինտենսիվ կրակային եւ ռադիոէլեկտրոնային դիմակայության պայմաններում։ Համակարգը կարող է 400 կիլոմետր հեռավորությամբ խոցել ինքնաթիռներ եւ թեւավոր հրթիռներ, մինչեւ 60 կիլոմետր հեռավորությամբ՝4,8 կմ/վրկ արագությամբ թռչող բալիստիկ թիրախներ։