Միլիարդատեր Էփշթեյնին գտել են ԱՄՆ բանտում՝ կիսագիտակից վիճակում
Ամերիկացի միլիարդատեր եւ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին, որը մեղադրվում է տասնյակ անչափահաս աղջիկների գայթակղելու եւ մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ, բանտախցում գտել են «կիսագիտակից վիճակում», տեղեկացնում է NBC New York հեռուստաալիքը՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ աղբյուրներին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, էփշթեյնը, որը ներկայում Նյու Յորքի բանտում է, հայտնաբերվել է իր խցում սաղմի դիրքով պառկած վիճակում։ Աղբյուրների տվյալներով՝ նա կարող էր փորձած լինել վերջ տալ կյանքին։ Միեւնույն ժամանակ, մեկ այլ աղբյուր նշել է, որ տրավմաները լուրջ չեն եղել, ուստի նա ենթադրում է, որ Էփշթեյնը կարող էր բեմադրել իրավիճակ, որպեսզի հասնի իրեն տեղափոխելուն։
Մի աղբյուր էլ ասել է, որ չի բացառում հարձակման վարկածը, հարցաքննվում է կալանավորներից մեկը՝ նախկին ոստիկան Նիկոլաս Տարտալյոնեն, որը բանտում է թմրանյութերի տարածման եւ չորս մարդու սպանության մեղադրանքով։ Տարտալյոնեն ասում է, որ ոչինչ չի տեսել եւ մատով չի կպել Էփշթեյնին։
Ինչպես ասել է Տարտալյոնեի փաստաբան Բրյուս Բարքեթը, իր պաշտպանյալը եւ Էփշթեյնը, որոնք պահվում են նույն խցում, լավ լեզու են գտնում իրար հետ։ Նա ավելացրել է, որ ավելի վաղ Տարտալյոնեն եւ Էփշթեյնը դժգոհել էին վատ պայմաններից։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միլիարդատերը ներկայում հսկողության տակ է։
Ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ Միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը ձերբակալվել է անչափահաս աղջիկների սեռական թրաֆիքինգի համար :
2002-2005 թվականներին Ջեֆրի Էփշթեյնը սեռական կապերի մեջ է մտել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, որոնց նա ընդունում էր իր նյույորքյան և Ֆլորիդայի նստավայրերում։ Նա նրանց կանխիկ հարյուրավոր դոլարներ էր վճարում, ինչից հետո որոշ զոհերի հանձնարարում էր հավաքագրողներ ծառայել, որպեսզի նոր աղջիկներ բերեն։ Նշվում է, որ որոշ տուժածների տարիքը չի գերազանցել 14 տարեկանը։
Էփշթեյնին ներկայացվել է մեղադրանք անչափահասների վաճառքի մեջ՝ նրանց սեռական շահագործման ենթարկելու նպատակով, ինչը նախատեսում է 40 տարվա ազատազրկում, եւ պայմանավորվածություն՝ նրանց նման առեւտրի մեջ ներգրավելու նպատակով, որը նախատեսում է մինչեւ հինգ տարի ազատազրկում։
Հուլիսի սկզբին Նյու Յորքի Մանհեթենի դատարանը, լսելով Էփշթեյնին, վճռեց նրան թողնել կալանքի մեջ եւ բաց չթողնել գրավի դիմաց։