Ջոնսոնը հայտարարել է, որ իր կաբինետի բոլոր անդամները կողմ են հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից դուրս գալուն
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի հայտարարել է, որ իր կառավարության բոլոր անդամները կողմ են, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս գա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ։ Ինչպես տեղեկացնում է The Independent թերթի կայքը, նախօրեին կազմավորած կառավարության առաջին նիստում Ջոնսոնն ընդգծել է, որ իր վարչապետության առաջիկա երեք ամիսները շրջադարձային կլինեն բրիտանական պատմության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես բոլորդ գիտեք, մեր առջեւ վիթխարի մասշտաբի խնդիր է կանգնած։ Դա շրջադարձային պահ է մեր երկրի պատմության մեջ,- ասել է Ջոնսոնը՝ դիմելով նախարարներին։- Հիմա մենք բոլորս կողմ ենք, որպեսզի երկիրը դուրս գա Եվրոպական միությունից հոկտեմբերի 31-ին կամ դրանից շուտ՝ առանց որեւէ «եթե»-ի եւ առանց որեւէ «բայց»-ի։ Բայց մենք չենք սպասի հոկտեմբերի 31-ին, որպեսզի սկսենք իրականացնել նոր ցնցող ծրագիրը մեր երկրի համար, նշանակում է՝ մենք պետք է իրականացնենք այն, ինչն իսկապես կարեւոր է մեր մարդկանց համար»։
Հինգշաբթի ավելի ուշ Ջոնսոնը հանդես է եկել բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի առջեւ եւ նշել իր կառավարության կոնկրետ առաջնահերթությունները։ Սպասվում է, որ նա պետք է պատասխանի նաեւ ընդդիմության ու կուսակիցների կոշտ քննադատությանը, որոնցից շատերը դժգոհ են այն հանգամանքից, որ Ջոնսոնն իրեն շրջապատել է համոզված եվրաթերահավատներով եւ կառավարող Պահպանողական կուսակցության աջ թեւի անդամներով։
Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գար 2019-ի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետ։ Բայց Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժել են Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ձեռք էր բերվել Բրյուսելի եւ Ջոնսոնի նախորդ Թերեզա Մեյի կառավարության միջեւ։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնեց Brexit-ը տեղափոխել ապրիլ-մայիս, իսկ հետո՝ հոկտեմբերի 31-ին, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը հանել փակուղուց։ Ջոնսոնը, որը հաղթեց պահպանողականների նոր առաջնորդի պաշտոնի համար պայքարում եւ չորեքշաբթի ստանձնեց վարչապետի պաշտոնը, խոստանում է ԵՄ-ի հետ կնքել «նոր ավելի լավ համաձայնագիր» Brexit-ի պայմանների մասին կամ իրականացնել ելքը ԵՄ-ից կոշտ սցենարով՝ առանց որեւէ համաձայնության Եվրամիության հետ։