Թրամփը վետո է դրել արաբական երկրներին զենքի վաճառքի պլանների դեմ Կոնգրեսի բանաձևի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի վետո է դրել երեք բանաձեւերի վրա, որոնք ավելի վաղ ընդունել էր Կոնգրեսը՝ արաբական երկրներին ամերիկյան զենքի վաճառքի գործարքի կնքումը թույլ չտալու նպատակով՝ առանց օրենսդիրների հավանության, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է Սպիտակ տան տարածած՝ Կոնգրեսին Թրամփի ուղղած նամակներում, այդ բանաձեւերը «կթուլացնեն Ամերիկայի գլոբալ մրցունակությունը եւ կվնասեն դաշնակիցների ու գործընկերների հետ ԱՄՆ «կարեւոր հարաբերություններին»։
Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ պաշտպանության նախարարությունը պետք է ծանուցի օրենսդիրներին այլ երկրներին զենքի կամ զինամթերքի վաճառքի պլանների մասին։ Մայիսի 24-ին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է իր արտակարգ իրավունքից օգտվելու եւ առանց Կոնգրեսի հավանության Հորդանանին, ԱՄԷ-ին եւ Սաուդյան Արաբիային 8,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն վաճառելու 22 համաձայնագրի կնքման գործընթացն ավարտելու որոշման մասին՝ «իրանական ագրեսիան զսպելու» համար։
Ի պատասխան՝ դեմոկրատներ Ռոբերտ Մենենդեսը, Քրիս Մերֆին, Փաթրիկ Լիհին եւ Ջեք Ռիդը, ինչպես նաեւ հանրապետականներ Լինդսի Գրեմը, Ռենդ Փոլը եւ Թոդ Յանգը զենքի վաճառքի պլանների դեմ 22 բանաձեւ են պատարստել։ Հունիսի 20-ին այդ բանաձեւերն արժանացել են Սենատի հավանությանը։ Ներկայացուցիչների պալատը ներկայում ընդունել է դրանցից երեքը։ Հենց դրանք են հայտնվել նախագահի վետոյի տակ։