Թրամփը սպառնացել է Գվատեմալային տուրքերով, եթե չստորագրի միգրացիայի վերաբերյալ պայմանագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Գվատեմալային տուրքերով կամ այլ «կոշտ միջոցներով», եթե երկիրը հրաժարվի ստորագրել միգրացիայի մասին համաձայնագիրը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Գվատեմալան մեզ տվել էր իր խոսքը, մենք պետք է ստորագրեինք համաձայնագիրը, իսկ հետո նրանք անսպասելիորեն նահանջեցին»,- ասել է Թրամփը լրագրողներին։
«Մենք կամ տուրքեր կմտցնենք, կամ որեւէ այլ բան։ Մենք ուսումնասիրում ենք մի ինչ-որ կոշտ բան Գվատեմալայի հանդեպ»,- ասել է Թրամփը։
Թրամփի խոսքերը հակասում են ոչ միայն Գվատեմալայի կառավարության դիրքորոշմանը, որը հերքում է միգրացիայի խնդրի վերաբերյալ համաձայնությունները, այլեւ ԱՄՆ-ի ՆԳՆ ղեկավարի խոսքերին: Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քեւին Մաքալինանը չորեքշաբթի հայտարարությունում շնորհակալություն էր հայտնել Գվատեմալային անօրինական միգրացիայի կրճատման ուղղությամբ համագործակցության համար, ինչը, ըստ նրա, «արդեն նշանակալի արդյունքներ է տալիս»:
Գվատեմալան, Կենտրոնական Ամերիկայի համեմատաբար փոքր երկիր է 17 միլիոն բնակչությամբ, մտնում է ԱՄՆ-ի ապօրինի միգրանտների տասը խոշորագույն «մատակարարների» թվում: Միացյալ Նահանգներում ապրում է Գվատեմալայից գաղթած ավելի քան մեկ միլիոն մարդ: