Տիգրան Ձիթողցյան. «Նյու Յորքում ես երևանցի եմ» (Լուսանկարներ)
Տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը տարիներ առաջ մեկնել է Նյու Յորք. որպես ստեղծագործող մարդ` դա նրան օդի պես էր պետք։ Հիմա Տիգրանը այնտեղի մշակութային բոմոնդի անբաժանելի մասն է, նրան ճանաչում են, հարգում, բայց եւ, միաժամանակ, Տիգրանը բնավ նման չէ մեր` ամերիկացի դարձած բազմաթիվ հայրենակիցներին. լրիվ երեւանցի է, ասես չի էլ գնացել։ Ինքն ասում է, որ անմիջապես փոխակերպվում է՝ հենց որ ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, եւ որ ամենալավն այլ կլիներ, եթե տարվա կեսն ապրեր Երեւանում, կեսը՝ Նյու Յորքում... «Գրեթե այդպես էլ ապրում եմ. ամռանը Երեւանում եմ, հետո երկու շաբաթով մեկ էլ գալիս եմ աշնանը եւ երկու շաբաթ էլ՝ գարնանը,- ասում ՝ Տիգրանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում։- Տուն եմ կառուցում՝ արհեստանոց բոլոր հարմարություններով։ Այդպիսի տուն Նյու Յորքում չունեմ եւ հավանաբար չեմ էլ ունենա»։
Իսկ ինչպիսի՞ն է տունդ Նյու Յորքում։
- Այնտեղ ես Լոֆտ ունեմ։ Նյու Յորքի համար այն մեծ է, բայց Երեւանի տան համեմատ՝ պստիկ է։
- Լա՞վ շրջան է։
- Այո։ Ապրում եւ աշխատում եմ դաունթաունում, հարմարավետ տեղ է. հետիոտների փողոց, մեքենաների աղմուկ չկա։ Ես եմ ու իմ աշխարհը։ Երբ դուրս եմ գալիս, հայտնվում եմ տեղի ունեցողի էպիկենտրոնում։ Նյու Յորքում ես «երեւանցի» եմ, հենց գալիս եմ այստեղ, ակնթարթորեն ձուլվում եմ այս կյանքին։
Իրականում գլխավորը չհամեմատելն է։ Իհարկե, 2,5 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ գալս շոկ էր։ Նույն պահին հասկացա, որ սիրտս ցավում է Հայաստանի համար, Երեւանի համար, հարազատ կեղտոտ մուտքիս համար։
- Բայց այդ կեղտոտ մուտքերը հիմա էլ կան...
- Իսկ հիմա ես այդ ամենը չեմ նկատում։ Վարժվել եմ այդ երկու իրողություններին։
- Իսկ նյույորքյան իրողություններում այդ կեղտոտ մուտքերը չկա՞ն։
- Նյու Յորքում լիքը կեղտոտ բաներ կան։ Եվ ես այդ ամենը նույնպես սիրում եմ։ Ե՛վ այնտեղ, ե՛ւ Երեւանում տեսնում եմ միայն լավը... Սիրում եմ այն, ինչն անփոխարինելի է, այն, ինչն այլ տեղերում չկա։
- Ի՞նչն, օրինակ։
Շփումը մարդկանց միջեւ, հարաբերությունները։ Հայերի հետ ես փոխըմբռնում ունեմ, իհարկե, ավելի լավ, քան ուրիշ որեւէ մեկի հետ։ Ամեն բան հասկանում եմ կես խոսքից։
- Ըստ իս՝ դու իդեալիստ ես։ Դե, համենայնդեպս, քո դատողությունները եւ դիմանկարային աշխատանքները նման տպավորություն են թողնում. հերոսուհիներդ իդեալական գեղեցիկ են... Ցանկանում ես նրանց ավելի լավ ցուցադրել, քան կա՞ն։
- Դա իմն է։ Պաշտում եմ Երեւանը, իմ սիրելի քաղաքը։ Սիրում եմ հայերին, հարազատ մարդիկ են։ Միեւնույն ժամանակ, շատ բան այստեղ նյարդայնացնում է ինձ, որովհետեւ ցանկանում եմ ամեն բան ավելի լավ լույսով տեսնել, քան կա իրականում։ Ցանկանում եմ, որպեսզի Երեւանն ու երեւանցիներն ավելի լավ ապրեն։ Ուստի երբեմն սրտնեղում եմ...
Դիմանկարների այդ շարքի ամբողջ իմաստն այն է, որ ցույց տրվի կանացի գեղեցկության համաչափությունը։ Ասենք այսպես. ես նրանց նկարում եմ այնպես, ինչպիսին նրանք տեսականորեն ցանկանում են, որպեսզի իրենց տեսնեն շրջապատողները։ Ես հենց իդեալականացնում եմ նրանց։ Եվ ինձ հետաքրքիր է այն եզրագիծը, որտեղ նրանք սկսում են կորցնել իրենց անձը, եւ մինչեւ որտեղ կարող են փոխել իրենց դեմքը դեպի ընդունված մոդելային գեղեցկությունը՝ եզրագիծ, որտեղ նրանք սկսում են կորցնել իրենց անձը։ Չէ՞ որ հենց դրանով է զբաղված աղջիկների մեծ մասը սոցցանցերում. մշտապես դեմքերն են «շտկում», եւ ահա ինձ հետաքրքիր է, թե ինչ են նրանք փորձում շտկել եւ ինչքան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: