Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող մի շարք արձանագրություններ
Պետդուման չորեքշաբթի վավերացրել է Երկրորդ եւ Երրորդ արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը, եւս մեկը փոփոխություն է մտցնում ՀԱՊԿ իրավավիճակի մասին համաձայնագրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություն մտցնող Երկրորդ արձանագրությունը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների կողմից 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում։ Արձանագրության դրույթներով առաջարկվում է նախատեսել, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում մտնեն ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության օրենսդրությամբ նրանք օժտված են լիազորություններով՝ որոշումներ կայացնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության մեջ։
Երրորդ արձանագրությունը փոփոխություններ է մտցնում կանոնադրությունում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի ստացում այն պետությունների համար, որոնք չեն հանդիսանում ՀԱՊԿ անդամ, եւ միջազգային կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել բաց նորմատիվային իրավական բազան, փորձն ու ՀԱՊԿ գործունեությունն առանց նրա գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությունների ստանձնման։
Արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունները եւ միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են նրա նպատակներն ու սկզբունքները եւ ցանկանում Կազմակերպության հետ հաստատել ու զարգացնել փոխշահավետ համագործակցության հարաբերություններ՝ գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորություններ ստանձնելով, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ։
ՀԱՊԿ իրավավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունն առաջարկում է ճշտել ՀԱՊԿ «անդամ պետությունների ներկայացուցիչներ» հասկացությունը; մտցնել ՀԱՊԿ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոն, ինչպես նաեւ Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն։ Արձանագրությամբ նաեւ առաջարկվում է սահմանել արտոնություններ եւ իմունիտետ ոչ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին եւ նրա ընտանիքի անդամներին, այլեւ նրա տեղակալներին ու նրանց ընտանիքների անդամներին այն ծավալով, որը նախատեսված է Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով, եթե նրանք կեցության պետության քաղաքացի չեն հանդիսանում։