Աշխարհը պետք է երախտապարտ լինի ԻՀՊԿ-ին Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման համար. Ռոհանի
Աշխարհը պետք է երախտագիտությամբ ընդունի Հորմուզի նեղուցում ծովային ուղիների պաշտպանության վերաբերյալ ԻՀՊԿ ջանքերը: Այս մասին չորեքշաբթի հանրապետության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ամբողջ աշխարհը պետք է շնորհակալ լինի Հորմուզի նեղուցի պահպանության եւ անվտանգության ապահովման ԻՀՊԿ ջանքերին», - նշվում է Ռոհանիի հայտարարությունում, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում:
Նախագահը նաեւ նշել է, որ հուլիսի 19-ին բրիտանական լցանավի կալանավորումը «ճշգրիտ եւ պրոֆեսիոնալ» է կատարվել:
Ռոհանին նշել է, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում սրել լարվածությունը, սակայն «ոչ ոքի թույլ չի տա խախտել Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի անվտանգությունը»: Նրա խոսքով, «եթե ամերիկյան անօդաչուները կրկին խախտեն Իրանի օդային տարածքը, պատասխանը կլինի նույնը, ինչ նախկինում»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Bloomberg Television-ին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը սպառնացել էր, թե՝ Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, սակայն չի ուզում անել այդ:
Դրան հաջորդեց լուրը, թե հուլիսի 19-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) ՌԾՈւ-ն Հորմուզի նեղուցում, Իրանի տարածքային ջրերում կալանել էր բրիտանական Stena Impero լցանավը եւ հետագայում ուղեկցել Բենդեր Աբաս նավահանգիստ։ Լցանավի անձնակազմը՝ 23 մարդուց բաղկացած, այդ թվում երեք ռուսաստանցի, նավի վրա է մնում, բայց նավի տերը չի կարողանում կապվել նրանց հետ։ Իրանական իշխանություններն ասել են, որ լցանավը խարիսխ է գցել նավահանգստում։
Բրիտանիան Հորմուզի նեղուցում լցանավի կալանման կապակցությամբ «լուրջ հետևանքներով» սպառնացել է Իրանին :
Միջադեպը իրանական իշխանությունների փաստացի պատասխանն է հուլիսի 4-ին Ջիբրալթարում իրանական լցանավի կալանմանը։ Grace 1 նավը կալանվել էր Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները խախտելու կասկածանքով։ Հետաքննության շրջանակում ոստիկանությունը կալանել է կապիտանին, ավագ օգնականին եւ անձնակազմի երկու անդամի։ Դատարանը նրանց կալանքի ժամկետը երկարաձգել է մինչեւ օգոստոսի 15-ը։
Բրիտանական Stena Impero լցանավի անձնակազմի բոլոր 23 անդամները պետք է մնան նավում մինչ անվտանգության վերաբերյալ հետաքննության ավարտը: Այս մասին հայտարարել էր Հորմոզգանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության տնօրեն Ալլահ Մորադ Աֆիֆիպուրը: