Եվրահանձնաժողովի (ԵՀ) գլխավոր քարտուղարը, որը Բրյուսելում համարվում է եվրոպական քաղաքականության գորշ կարդինալ, հրաժարական է տվել
Եվրահանձնաժողովի (ԵՀ) գլխավոր քարտուղարը՝ Մարտին Սելմայրը, որը Բրյուսելում համարվում է եվրոպական քաղաքականության գորշ կարդինալ, հրաժարական է տվել եւ նշանակվել ԵՀ ղեկավարի խորհրդականի ժամանակավոր պաշտոնին։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում, ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Մարտին Սելմայրին նշանակել Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղարությունում ժամանակավոր խորհրդական, այդ պաշտոնում նա կշարունակի խորհուրդներ տալ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին ռազմավարական կարեւորության հարցերում»,- ասել է նա։ Նրա գործառույթները ժամանակավորապես հանձնվել են նրա տեղակալին՝ Իլզե Յուհանսոնին։
Ինչպես նշել է բյուջեի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը նոր գումարման Հանձնաժողովում (Ուրսուլա ֆոն դեր Լյաենի ղեկավարությամբ), որն աշխատանքն սկսելու է նոյեմբերի 1-ից, Սելմայրը «կմեկնի Ավստրիա որպես ԵՀ ներկայացուցիչ»։
Յունկերի աշխատակազմի նախկին ղեկավարը ԵՄ գլխավոր վարչական պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հունվարի 1-ից ԵՀ ղեկավարի ուղիղ ցուցումով՝ շրջանցելով գոյություն ունեցող մրցութային կարգը, ինչը լուրջ սկանդալ է առաջացրել Բրյուսելում, բայց չի հանգեցրել պաշտոնից նրան հանելուն։ Սելմայրի նշանակումը այդ պաշտոնում ֆորմալացրել է այն հսկայական ազդեցությունը եվրոպական քաղաքականության վրա, որը նա ձեռք է բերել Յունկերի ԵՀ գալով։ Եվրոպական ԶԼՄ-ներում նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան «Եվրահանձնաժողովի ուղեղային կենտրոն» եւ «Յունկերի Ռասպուտին»։
48-ամյա գերմանացի քրիստոնյա դեմոկրատ Սելմայրը աշխատում է ԵՄ կառույցներում 1990-ականների վերջից, հայտնի է որպես եվրոպական նախագծի մոլի կողմնակից։ Նա մասնավորապես հանդես է եկել որպես հիմնական բանակցողներից մեկը հունական ֆինանսական ճգնաժամի վերջին ակտի կարգավորման գործընթացում 2015-ի հանրաքվեից հետո։ Նա համարվում է առավելագույն կոշտ պայմանների գաղափարախոսներից մեկը, որոնք առաջադրվել են Մեծ Բրիտանիայի հանդեպ Brexit-ի վերաբերյալ բանակցություններում եւ որոնք կոչված են անել այնպես, որպեսզի Միացյալ Թագավորության ելքը բացասական օրինակ ծառայի բոլոր երկրների համար, որոնք կցանկանան դուրս գալ ԵՄ-ից։
Բրյուսելյան փորձագետների մեծամասնության կարծիքով՝ Սելմայրի հրաժարականի հարցը ԵՀ գլխավոր տնօրենի պաշտոնից որոշվել էր անգամ ոչ թե Եվրահանձնաժողովի կոլեգիայի մակարդակով, այլ ԵՄ գագաթաժողովում հունիսի 30-հուլիսի 2-ին եւ մտել էր փաթեթային որոշման փակ մաս 2019-2024 թվականներին ԵՄ ղեկավար ինստիտուտների պաշտոնների թեկնածուների համաձայնեցման գծով։ Սելմայրի ազատումն անխուսափելի էր, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար պաշտոնում հաստատվեց Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, քանի որ եվրոպական առաջնորդներից ոչ մեկը պատրաստ չէր գերմանացիների ձեռքը տալ Եվրամիության ինստիտուտների քաղաքական եւ վարչական պաշտոնները։