Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Գարեջա լեռան ստորոտին (լուսանկարներ)
Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Գարեջա լեռան ստորոտին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Կացարավան։
Նրա խոսքով՝ հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպից անցել է արդեն ավելի քան մեկ շաբաթ, բայց ճանապարհը դեռ փակ է ադրբեջանցի սահմանապահների կողմից։ Միեւնույն ժամանակ, վրացի սահմանապահների թիվը, գրում է Կացարավան, տասն անգամ ավելի քիչ է։
Նա նշում է, որ վրաց-ադրբեջանական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ, որը պետք է լուծի վանական համալիրի ճակատագիրը, դեռ չի ավարտվել, բայց ադրբեջանական կողմն իր պաշտոնական անձանց միջոցով տարածում է հայտարարություն այն մասին, որ Գարեջան Ադրբեջանի տարածք է։
Կացարավան նաեւ հրապարակել է նշված ռազմակայանի եւ Ադրբեջանի ԶՈւ զինվորների լուսանկարները։