Հանթը հրաժարվել է Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու Ջոնսոնի առաջարկից
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հրաժարվել է իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնի առաջարկը`Միացյալ Թագավորության նոր կառավարության կազմում զբաղեցնել Պաշտպանության նախարարի պաշտոնը:
Չորեքշաբթի եվրասկեպտիկ Բորիս Ջոնսոնը պաշտոնապես կզբաղեցնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Թերեզա Մեյին, որը 2016 թվականի հուլիսի 13-ից ղեկավարում է կառավարությունը:
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարարը (2016-2018 թթ.) եւ Լոնդոնի նախկին քաղաքապետը (2008-2016 թթ.) երեքշաբթի համոզիչ հաղթանակ է տարել իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում `առաջ անցնելով իր միակ հակառակորդից` արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթից:
Պաշտպանության նախարար դառնալու առաջարկի մերժումից հետո, Sky News-ի տվյալներով, Հանթի ապագան Ջոնսոնի կառավարությունում դարձել է խնդրահարույց:
Կառավարության ներկայիս ղեկավարից իշխանության փոխանցումը իրավահաջորդին, ըստ ավանդույթի, տեղի է ունենում հնարավորինս սեղմ ժամկետում: Միացյալ Թագավորությունը մոտ մեկ ժամ է մնում առանց վարչապետի: Ինչպես սպասվում է, չորեքշաբթի Մեյը վերջին անգամ կհայտնվի Համայնքների պալատում որպես վարչապետ, եւ կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Դրանից հետո՝ տեղական ժամանակով մոտ 15:00-ին, նա կուղեւորվի Բուքինհեմյան պալատ, որպեսզի հրաժարականի դիմումը ներկայացնի թագուհի Եղիսաբեթ Երկրոդին:
Այնուհետ, երբ միապետն ընդունի հրաժարականը, պաշտոնից հեռացած քաղաքական գործիչը արդեն չի վերադառնա վարչապետի նստավայր:
Մեյից հետո թագուհու հետ կհանդիպի Ջոնսոնը, որին թագուհին կհանձնարարի ձեւավորել կառավարությունը:
Հատկանշական է, որ Եղիսաբեթ II-ի օրոք նա կդառնա Բրիտանիայի 14-րդ վարչապետը: Առաջինը Ուինսթոն Չերչիլն էր (1940-1945 եւ 1951-1955): Թագուհու մոտ ընդունելությունից հետո վարչապետը կուղեւորվի Դաունինգ սթրիթ՝ 10 շենք, որը կառուցվել է 17-րդ դարում եւ արդեն 114 տարի մշտապես օգտագորվծում է որպես Միացյալ Թագավորության վարչապետների պաշտոնական նստավայր: