Ղրղզստանի նախկին նախագահը ժամանել է Ռուսաստանի ավիաբազա
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը չորեքշաբթի ժամանել է ղրղզական Կանտ քաղաքում գտնվող ռուսական ավիաբազա։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը իրադարձությունների վայրից, Աթամբաեւի ավտոմեքենան մտել է բազայի տարածք։ Նրան ուղեկցող շարասյունը՝ 100 ավտոմեքենայից բաղկացած, որոնցում գտնվում են նախկին նախագահի կողմնակիցները, մնացել է բազայի սահմաններից դուրս։
Աթամբաեւը չորեքշաբթի ասել է, որ երկու օրով նախատեսում է մեկնել Մոսկվա եւ այնտեղ կգնա ՌԴ ավիաբազայից, որը գտնվում է ղրղզական Կանտ քաղաքում։ Ինչպես նա տեղեկացրել է լրագրողներին, «թռիչքը կլինի Կանտից»։ Նախկին նախագահի խոսքով՝ թռիչքը կկատարվի «ոչ ռազմական ինքնաթիռով»։ Ինչպես նշել է Աթամբաեւը, նա մտադիր է վերադառնալ Բիշքեկ ուրբաթ։
Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 27-ին քվեարկել էր Աթամբաեւին անձեռնմխելիությունից եւ նախկին նախագահի կարգավիճակից զրկելու օգտին, ինչը հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկելու։ Նա կասկածվում է հողակտորների վերապրոֆիլավորմանն աջակցելու, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին ապօրինի ազատ արձակելու, ինչպես նաեւ ՋԷԿ-ին ածխի անօրինական մատակարարումների եւ Չույսկի մարզի Կոյ-Թաշ գյուղում ապօրինի տուն կառուցելու մեջ։
Նախկին նախագահին արդեն երեք անգամ ծանուցում է ուղարկվել որպես վկա ցուցմունքներ տալու համար։ Աթամբաեւը դրանք բոլորն անտեսել է։
Պետության նախկին ղեկավարը համոզված է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման հանրապետության ներկա ղեկավարության կողմից, իսկ բոլոր մեղադրանքներն իր հասեցին անվանում է անհեթեթություն։ Նախկին նախագահը նաեւ հավաստիացրել է, որ պարգեւատրված զենք ունի եւ ուժային կալանավորման դեպքում զինված դիմադրություն կցուցաբերի։
Աթամբաեւը Ղրղզստանը ղեկավարել է 2011-2017 թվականներին եւ դարձել է առաջին նախագահը, որը կամովին պաշտոնը թողել է առաջին ժամկետից հետո։