Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են անվանել Թրամփի հայտարարությունը Աֆղանստանում պատերազմի մասին
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին չորեքշաբթի «միանգամայն անընդունելի» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունը Վաշինգտոնի՝ Աֆղանստանում հաշված օրերում պատերազմը շահելու կարողության մասին, տեղեկացրել է IRNA գործակալությունը։
Ըստ Մուսավիի՝ նման հայտարարությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը։ Նա ընդգծել է, որ Իրանը կանգնած է աֆղան ժողովրդի և նրա կառավարության կողքին։
Հիշեցնենք, Operativ լրատվականը հաղորդել էր, որ ԱՄՆ սկանդալային նախագահ Թրամփը հայտարարել էր, թե՝ ԱՄՆ-ն կարող է 10 օրում ջնջել Աֆղանստանը երկրի երեսից:
Երկուշաբթի Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել էր Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ։ Հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը կարող էր մի քանի օրում հաղթել պատերազմն Աֆղանստանում, բայց չի ցանկանում «10 մլն մարդ սպանել»։
Երեքշաբթի Քաբուլը Վաշինգտոնից բացատրություններ է պահանջել Թրամփի դիրքորոշման վերաբերյալ։