Ողբերգական դեպք Խաբարովսկում. մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա մահացել է (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի «Խոլդոմի» տուրբազայում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել: Այս մասին հայտնում է meduza.io-ն՝ վկայակոչելով շրջանային իշխանություններին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրդեհի հետևանքով 11-ամյա աղջիկ է մահացել: Բացի այդ, երեք երեխա ծանր այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Երկու աղջիկներն ավելի ուշ մահացել են վերակենդանացման բաժանմունքում:
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցներում բուժվում է ևս երկու տղա՝ մեկը այրվածքներով, մյուսը՝ գազից թունավորումով։
Եվս ութ տուժածների՝ երեք երեխաների և հինգ մեծահասակների, բուժօգնություն է ցուցաբերվել տեղում: Ճամբարում ընդհանուր առմամբ 189 երեխա է եղել։
Նախնական տվյալներով՝ ճամբարում հրդեհը բռնկվել է լույս հուլիսի 23-ին՝ վրաններից մեկում տեղադրված անսարք ռադիատորի պատճառով։
Ճամբարի տնօրենը ձերբակալվել է:
Խաբարովսկի երկրամասում երեխաների մահվան կապակցությամբ հուլիսի 24-26-ը սուգ կհայտարարվի: