Իրան հսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում
Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժումները Պարսից ծոցի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում:
«Այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ հետևողականորեն հսկում ենք թշնամական բոլոր նավատորմների, հատկապես ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի) տեղաշարժումները՝ դրանց շարժվելու սկզբից մինչև (Պարսից ծոցի) տարածաշրջան ժամանման պահը,- նշել է Խանզադին:- Բացի ժամանման ժամանակից, մենք ունենք տեղեկատվություն առաքելությունների տիպերի, ինչպես նաև այն նավերի մասին, որոնք դրանց մասնակցում են, և դրանց կողմից իրականացվող գործուներության մասին»:
Խանզադին հավելել է, որ Իրանի ռազմածովային ուժերը լուսանկարներով արձանագրում են ամերիկյան ռազմանավերի բոլոր տեղեշարժերը: «Մենք ունենք լուսանկարներ և վիթխարի արխիվ, որոնք ցուցադրում են ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի ակտիվությունը»,- եզրափակել է դերծովակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: