Հարավարեւելյան Ասիայից մեր հարեւանների նկատմամբ Չինաստանի պահվածքը «սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը». Ջոն Բոլթոն
Պեկինը զրպարտություն է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Չինաստանը միջամտում է Հարավչինական ծովում նավթի եւ գազի արդյունահանման հարցով գործունեությանը, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «Չինաստանի սադրիչ գործունեությունը սպառնում է տարածաշրջանային էներգետիկ անվտանգությանն ու Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խոչընդոտում ազատ ու բաց էներգետիկ շուկային»:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Ջոն Բոլթոնը Twitter-ում գրել է, որ Հարավարեւելյան Ասիայից իր հարեւանների նկատմամբ Չինաստանի պահվածքը «սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»՝ կրկնելով պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանի խոսքով՝ Բոլթոնի եւ Պոմպեոյի հայտարարություններն անհիմն են:
«Դա զրպարտություն է: Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում դադարեցնել նման անպատասխանատու պահվածքն ու հարգել Չինաստանի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ջանքերը՝ ուղղված Հարավչինական ծովում կայունությանն ու խաղաղությանն ու երկխոսության ճանապարհով տարաձայնությունների կարգավորմանը»,- ասել է Գեն Շուանը: