Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտային խորհրդի միջեւ կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակում հուլիսի 21-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ցուցադրվեց «Ուռա» պարային ներկայացումը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Լիոնի «Միշել Ալլե Էգայան» հայազգի 13 անդամից բաղկացած պարի համույթին: Պարային կատարումներում ընդգրկված էին նաեւ մարզում ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից հայ սաներ՝ տարբեր տարիքային խմբերից: «Ուռա» պարային համույթն արդեն 40 տարեկան է, եւ այս պարը նվիրված էր համույթի ղեկավար Միշել Ալլե Էգայանի ծննդյան 40-ամյակին:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: «Պարային համույթի գործունեության շրջանակում ստեղծվել են եռօրյա ատելյեներ ֆրանսախոս ուսանողների համար, որոնք ոգեւորված են հայերեն այբուբենով, հայկական պոեզիայով եւ հայկական թռչնագիր տառերով: Հայ-ֆրանսիական բարեկամությունը մեր մարզում տարեցտարի ծավալվում ու զարգանում է կրթության, մշակույթի եւ առողջապահության ոլորտներում»,- նշեց Վարդուհի Մնացականյանը:
Խոսրով Խլղաթյան