Թուրքիան կորցնում է իր ներուժը. նա այն երկիրը չէ, որ կարող է իրեն թույլ տալ մի քանի ճակատներում խաղալ, ինչպիսին Սիրիան է, Իրաքը, ամբողջ Մերձավոր Արևելքը. Սաֆրաստյան
Սիրիական բանակը ունի ներուժ և հնարավորություն Սիրիայում, մասնավորապես Իդլիբում հարձակում սկսելու, սակայն Սիրիայի իշխանությունները ցանկանում են խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից: Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, սիրիական բանակը պատրաստվում է սահմանափակ գործողություններ իրականացնել և դանդաղ առաջ շարժվել՝ վերահսկելով իրավիճակը:
«Թուրքիան նպաստում է Սիրայում իրավիճակի սրմանը, քանի որ թուրքամետ ավազակային կազմավորումների աջակցության դեպքում թուրքական զորքերը, փաստացի, օկուպացրել են Թուրքիայի հետ սահմանամերձ հյուսիսային շրջանները՝ դա արդարացնելով քրդական արմատականների հետ պայքարով», - ընդգծեց փորձագետը:
Ընդ որում նա կարծիք հայտնեց, որ Թուրքիայի ներուժն ընդհանուր առմամբ նվազել է, քանի որ դա այն երկիրը չէ, որը կարող է իրեն թույլ տալ մի քանի ճակատներում խաղալ, ինչպիսին Սիրիան է, Իրաքը, ամբողջ Մերձավոր Արևելքը և Աֆրիկան: