Օմսկցի գնչու բարոնը վաճառքի է հանել «ոսկե» առանձնատունը
Օմսկի Պորտ Արթուր շրջանում վաճառքի է հանվել գնչու բարոնի քոթեջը, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով «Նովի Օմսկ» պարբերականին։
Երկհարկանի տան ներքին հարդարումը հիմնականում ոսկեզօծ է եւ բյուրեղապակուց պատրաստված, հյուրասենյակում կախված է գնչուական ընտանիքի վիթխարի նկարը։ Սենյակների հարդարման մեջ գերակշռում են վառ գույները՝ դեղինը, կանաչը, վարդագույնն ու կապույտը։
Համաձայն ՑԻԱՆ պորտալում տեղադրված հայտարարության՝ առանձնատան ընդհանուր մակերեսը 300 քառակուսի մետր է, տեղամասի չափը՝ 7 հարյուր։ Քոթեջը չորս ննջարան ունի, աշխատասենյակ, սանհանգույց։ Տարածքում կան հանգստի գոտի, զրուցարան, ճոճանակ եւ շատրվան, ինչպես նաեւ հյուրատուն՝ 80 քառակուսի մետր մակերեսով։
Նկարներից երեւում է, որ կալվածքի դարպասները ոսկեզօծ են, մուտքի մոտ տեղադրված են բազմաթիվ քանդակներ, հյուրասենյակում, ընտանեկան լուսանկարից բացի, կա բուխարի, որի վրա կախված է ընտանիքի հոր դիմանկարը։ Ճաշասեղանին կան ոսկեզօծ կիսանդրիներ, սանդուղքի ներքեւում՝ ոչ մեծ ձիու արձանիկ։ Կան բազմաթիվ փափուկ խաղալիքներ եւ հախճապակե արձանիկներ։
Առանձնատան արժեքն է 18 մլն ռուբլի։