Պիես ոչ սև-սպիտակ մարդկանց մասին. Երևանում կցուցադրեն «Բումերանգ» նոր քաղաքական կատակերգությունը
Հեղափոխությունից հետո Հայաստանում ոմն Օլիգարխ ԱԱԾ-ից թաքնվում է իրեն պատկանող սուպերմարքեթներից մեկի պահեստում և փորձում է հասկանալ, թե ինչ պիտի անի հետո։ Այսպիսին է նոր՝ «Բումերանգ» կատակերգական պիեսի հանգույցը, որը կցուցադրեն Երևանի հանդիսատեսին հուլիսի 25-26-ին Պարոնյանի անվան թատրոնում։
Պիեսի ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ պիեսը թեեւ քաղաքական է, կոնկրետ մարդկանց ծաղրանմանակումներ չկան. այստեղ ցուցադրվում է այն, ինչ կարող էր տեղի ունենալ ցանկացած երկրում, ցանկացած օլիգարխի հետ հեղափոխությունից հետո։
Կարմայի հայեցի օրենքը
Անվանումը՝ «Բումերանգ», պատահաբար չի ընտրվել, բայց ամբողջ իմաստը հանդիսատեսները կարող են հասկանալ միայն ներկայացումը դիտելուց հետո։ Այն, ստեղծագործական խմբի խոսքով, այն մասին է, որ ամենն, ինչ անում ես, մի անգամ քեզ էլ վերադառնալու է՝ բումերանգի նման։
«Այսպիսի խոսք կա՝ «Մտածելը դժվար է, դրա համար էլ մարդիկ սկսում են դատել»։ Մենք այս ներկայացման մեջ ջանացել ենք ցուցադրել իրավիճակը, իսկ եզրահանգումները թողել ենք հանդիսատեսին։ Մենք ջանացել ենք կտրուկ հայտարարություններ եւ դատողություններ չանել, պարզապես ցույց տալ այն, ինչը կա։ Թող հանդիսատեսներն արդեն իրենք որոշեն՝ ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ»,- ասաց Սեդրակ Գոջամանյանը։
Մոխրագույնի 6 երանգները
Ներկայացման բոլոր վեց գործող անձինք հավաքական կերպարներ են, որոնք այս կամ այն կերպ կան ցանկացած, այդ թվում՝ հայկական հասարակությունում։ Նրանք են Օլիգարխը (որի դերը կատարում է հայտնի դերասան Լեւոն Հարությունյանը), սիրուհի բիզնես-վումընը, խարդախ հաշվապահը (Անդրանիկ Հարությունյան), թմրամոլ որդին, նրա հեղափոխական ընկերուհին։ Եվ մեկ էլ խորհրդավոր Անծանոթուհին (Լուիզա Ներսիսյան), որի հետ հանդիպումը լրիվ փոխում է այս բոլոր մարդկանց կյանքը։
«Մեր պիեսում չկան «սեւեր» եւ «սպիտակներ», ինչպես եւ չկան նրանք կյանքում։ Բոլոր մարդիկ այս կամ այն կերպ «գորշ» են, պարզապես մեկի մեջ սեւն է մի քիչ շատ, մյուսի մեջ՝ սպիտակը։ Ավելին, մարդկանց «երանգները» կարող են փոխվել՝ կախված իրավիճակից, որոնցում նրանք հայտնվում են»,- ասում է ռեժիսորը։
Պիեսի գործող անձինք, ըստ նրա, բնավ միանշանակ չեն եւ մարդկային են, եւ հենց դա է նրանց այդքան հետաքրքիր դարձնում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ կերպարները զարգացել են ներկայացման վրա աշխատելուն զուգընթաց, ձեռք են բերել ավելի վառ բնավորություններ։
«Ինձ համար թատրոնը դերասաններն են։ Ես միշտ ինքնարտահայտվելու հնարավորություն եմ տալիս դերասաններին։ Մենք անգամ որոշ իմպրովիզացիոն փոփոխություններ ենք մտցրել եւ հնարավորություններ ընձեռել մեր դերասաններին»,- խոստովանել է ռեժիսորը։
Նյութն ամբողջապես սկզբնաղբյուր հոդվածում: