Բելգիայում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը
ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Բելգիայում՝ երեկ՝ հուլիսի 19-ին, Operativ լրատվականին հայտնել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո 67 տարեկանում մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։
Դերասանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում:
1969-73թթ սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ-ից աշխատել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել եւ աշխատել է Մոսկվայում:
Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու «Հատակում», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) եւ այլն:
Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) եւ այլն: 2004թ-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում: