Իրանական բոլոր անօդաչու սարքերը վերադարձել են բազա. ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբ
Իրանական բոլոր անօդաչուները բարեհաջող վերադարձել են բազա իրենց առաքելությունն իրականացնելուց հետո։ Այս մասին ասել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազ Շեկարչին, տեղեկացնում է Mehr-ը։
«Հակառակ Թրամփի զառանցական եւ անհիմն հայտարարությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող բոլոր անօդաչու սարքերը Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում, ներառյալ ԱՄՆ նախագահի հիշատակածը, անվնաս վերադարձել են իրենց բազաներ նախատեսված վերահսկողական գործողությունների իրականացումից հետո»,- ասել է Շեկարչին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունն ուղղված է լարվածության ստեղծմանը Հորմուզի նեղուցում։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավը խփել է իրանական անօդաչու սարք Հորմուզի նեղուցում։ Նա ավելացրել էր, որ իրանական անօդաչու սարքը «անմիջապես ոչնչացվել է», իսկ Պենտագոնն ասել է, որ իրանական անօդաչուն գտնվում էր ամերիկյան նավի համար «վտանգավոր գոտում»։