Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հուլիսի 18-ին Մոսկվայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը:
Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր եւ համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014 թվականին եւ հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների եւ անհատ մասնագետների միջեւ փոխգործակցության բազմակողմանի հարթակ: Միջազգային ձեւաչափով այն միակ բիզնես հարթակն է, որն ունի ներկայացուցիչներ Ռուսաստանից եւ Հայաստանից։ Բիզնես ակումբի մասնակիցներն են աշխարհի տարբեր երկրների գործարարներ եւ մասնագետներ:
Իր խոսքում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, ակնկալվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ինչպես նաեւ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի նոր գործելաոճը` ակնկալելով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների եւ հայ համայնքի ակտիվ մասնակցությունը:
Ակումբի մասնակիցները հայտնեցին, որ կշարունակեն Հայաստանում եւ Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային եւ ներդրումային ծրագրեր՝ բարձր տեխնոլոգիաների, էկոլոգիայի, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում:
Հատուկ ընդգծեց, որ «Կիլիկիա» բիզնես ակումբի ստեղծման իսկ օրվանից բոլոր մասնակիցներն իրենց համեստ ներդրումն են ունեցել եւ ապագայում էլ պատրաստ են աջակցել ռուսաստանյան գործարարների եւ հայ արտադրողների համագործակցությանը եւ բիզնես կապերին։
Այնուհետեւ Զարեհ Սինանյանը դեսպանատանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ կարեւորեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը:
Գլխավոր հանձնակատարն իր խոսում անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում առկա նոր մոտեցումների, պատասխանեց ներկաների հարցերին: