Ռուսաստանը դեմ է երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը. Լավրով
Ռուսաստանը դեմ է երկու երկրների երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի թղթակցի հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողն ասել է, որ ներկայացնում է «վրացական արեւմտամետ անկախ հեռուստաալիքը»:
«Ես կարծում էի՝ դուք վրացամետ եք»,- նկատել է ռուս նախարարը:
«Վրաստանում վերջին իրադարձությունների կապակցությամբ մեր դիրքորոշումն արդեն հնչեցրել են նախագահը, ԱԳՆ-ը: Ոչինչ չունեմ ավելացնելու: Մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ վրացի ժողովրդի հետ: Եվ մեզ դուր չեն գալիս տարբեր ԶԼՄ-ներ կիրառելու փորձերը, այդ թվում՝ «անկախ արեւմտամետ» ԶԼՄ-ները, որոն խոչընդոտում են վրաց-ռուսական համագործակցությանը»,- նշել է Լավրովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որի համաձայն՝ ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է չվերթներ (այդ թվում՝ կոմերցիոն) իրականացնել դեպի Վրաստան: Ինչպես նաեւ ուժի մեջ է մտել ՌԴ տրանսպորտի նախարարության որոշումը՝ կապված ՌԴ տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթների դադարեցման հետ:
Թռիչքների ժամանակավոր արգելքից մեկ օր առջ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում ՌԴ նախագահի հասցեին վիրավորանք հնչեցրեց հաղորդավար Գեորգի Գաբունիան: Ավելի ուշ ՌԴ Պետդուման դիմեց կառավարությանը՝ առաջարկով տնտեսական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, սակայն Պուտինը հայտարարեց, որ պատժամիջոցներ չի սահմանի՝ «վրացի ժողովրդի հանդեպ իր հարգանքի պատճառով»: