Պուտինը և Մակրոնը քննարկել են Իրանի հարցը
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակն Իրանի շուրջ։
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են իրավիճակը, որն ստեղծվել է Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ դուրս գալուց հետո։ Երկու կողմերն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման եւ միջուկային չտարածման ռեժիմի պահպանման կարեւոր գործոն է։ Նշվել է բոլոր պետությունների ջանքերի համախմբման նպատակահարմարությունը, որոնք շահագրգռված են համապարփակ ծրագրի պահպանման գործում։
Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Սիրիայում՝ ընդգծելով քաղաքական կարգավորման հասնելու եւ զինված հակամարտության հետեւանքները հաղթահարելու սկզբունքային նշանակությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են ներուկրաինական հակամարտության լուծման հեռանկարները։ Պատրաստակամություն է հայտնվել ակտիվացնելու համատեղ աշխատանքն այս ուղղությամբ, այդ թվում «նորմանդական ձեւաչափի» շրջանակում։