Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը
Կիևում լույս է տեսել «Ուկրաինայի տարածքում հայերի տաճարային ճարտարապետությունը» գիրքը: Մարիա արսենյանի մենագրությունում ուսումնասիրվել է 160-ից ավելի հայկական շինություն, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Գիրքը հրատարակվել է «Дух і Літера» հրատարակչությունում:
Հրատարակությունը պարունակում է ուսումնասիրված աղբյուրների հսկայական ծավալ (ավելի քան 450), այն ընդգրկում է Ուկրաինայի տարածքում IX-ХІХ դդ. Հայկական եկեղեցիների ճարտարապետությունը: Այն նաև բնութագրում է հայկական տաճարային ճարտարապետության առանձնահատկությունները, քանդակագործությունը, սիմվոլիկան և զարդանախշերը:
Հեղինակը պատմում է Հայաստանի և Ուկրաինայի շինությունների մասին, ինֆորմացիա հաղորդում էսքիզների, քարտեզների, աղյուսակների ու լուսանկարների մասին: Գրքում կարևորվում է Հայաստանի և հայ Առաքելական եկեղեցու պատմությունը ճարտարապետության պրիզմայով:
Հասարակական գործիչ Ելենա Հովհաննիսյանի կարծիքով՝ գիրքը մեծապես օգնում է ինչպես Ուկրաինայի հայկական սփյուռքի հետազոտողներին, այնպես էլ գործնականում, օրինակ, էթնո-տուրիստական երթուղիներ և նախագծեր ստեղծելիս:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայկական միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, մեծ ուշադրություն է հատկացնում մշակույթի, գիտության և կրթության ոլորտներին: Ուկրաինայի հայկական միությունը տարիների աշխատանքի ընթացքում մեծ թվով բազմաժանր գրքեր է հրատարակել: