Պոմպեոն կրկին հայտարարել է առանց նախապայմանների Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին հայտարարել է առանց նախապայմանների Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Այս մասին նա ասել է KCMO ռադիոյին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք վստահ է, որ Իրանի հետ բանակցությունները որեւէ կոնկրետության կհանգեցնեն, Պոմպեոն ասել է, որ դա կախված կլինի Իրանի ղեկավարությունից:
«Նա (Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Խամենեին-խմբ.) պետք է որոշում կայացնի՝ պատրաստ է արդյոք Իրանը օստրակիզմի ենթարկվել՝ մնալով մեկուսացված, ահաբեկչության խոշոր հովանավոր եւ միջուկային զենքով սպառնացող երկիր, թե պարզապես կարող է նորմալ երկիր դառնալ եւ միավորվել ազգերի հետ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ բանակցային սեղանի շուրջ նստել:
«Վերջին հաշվով մենք որոշել ենք առանց նախապայմանների բանակցել Իրանի հետ, հանդիպումներ անցկացնել: Հուսով ենք, որ նրանք եւս ճիշտ որոշում կընդունեն: Հակառակ դեպքում մենք այլ ճանապարհով կգնանք»,- հայտարարել է Պոմպեոն: