Ջոնսոնը նախատեսում է արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնել Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը նախատեսում է արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնել Մեծ Բրիտանիայում 2020 թվականին, որպեսզի մրցակցի լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ, քանի դեռ ընդդիմությոնը դժվարություններ ունի Brexit-ի հետ կապված, գրում է Times թերթը՝ հղում կատարելով Ջոնսոնի դաշնակիցներին։
Ավելի վաղ բրիտանացի պահպանողականների ղեկավարի պաշտոնի համար ընտրարշավի առաջատար, Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը դեմ էր համընդհանուր արտահերթ ընտրությունների գաղափարին։ Հերթական խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում նախատեսված են 2022 թվականին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»։ https://ria.ru/
Պարբերականի տեղեկատվությամբ՝ այժմ վարչապետի պաշտոնի համար ներկուսակցական պայքարին մասնակցող Ջոնսոնը ցանկանում է համընդհանուր ընտրությունները տեղափոխել, որպեսզի պայքարի բրիտանական ընդդիմության ներկայիս ղեկավար Ջերեմի Քորբինի դեմ։
«Ցանկություն կա ավարտել այս ամենը, քանի դեռ պաշտոնը զբաղեցնում է Քորբինը։ Լեյբորիստների կուսակցությունում տիրում է պառակտումը, Brexit-ը սպանում է բոլորին։ Լեյբորիստներն այն վիճակում չեն, որպեսզի պայքարեն համընդհանուր ընտրություններում»,- Times-ին տեղեկացրել է Ջոնսոնի թիմի ներկայացուցիչներից մեկը։
Ջոնսոնի թիմի անդամներն անհանգստանում են, որ լեյբորիստները կարող են իրենց ղեկավարին հանել կուսակցությունում Brexit-ի քաղաքականության շուրջ անհամաձայնության եւ հակասեմականության մեղադրանքների պատճառով, որոնք հնչում են Քորբինի հասցեին։
Մեծ Բրիտանիայում վարչապետի պաշտոնի համար պայքարում են ԱԳՆ նախկին եւ ներկա ղեկավարներ Բորիս Ջոնսոնը եւ Ջերեմի Հանթը։ Մինչեւ նոր վարչապետի ընտրության պահը այդ պաշտոնին կմնա Թերեզա Մեյը, որը հունիսի 7-ին պաշտոնապես վայր է դրել կուսակցության ղեկավարի լիազորությունները։ Պահպանողականների նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հուլիսի 23-ին։