Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով
Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում և հետխորհրդային տարածքի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին:
«ԱԻՖ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով հարցին, թե կարծում է արդյոք նա, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից պարտվում է Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում՝ թույլ տալով իր շուրջ նախկին «եղբայրական ժողովուրդներից» «Ռուսաստանի թշնամիների» գոտու ստեղծում:
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել նախկին խորհրդային հանրապետությունների ներքին գործերին, այդ թվում Ուկրաինայի և Վրաստանի:
«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Նրա հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված :
Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խոհրդարանների միջև, միջազգային ասպարեզում համագործակցությունը:
Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է:
Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը: Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անշուշտ, միևնույն չեն մեզ համար, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում են փոխհարաբերությունների երկարատև պատմությունը, այդ թվում` մեկ պետության մեջ բնակվելը:
Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը հավաստիացնում էր, որ եկել է «պատմության վերջը», և այժմ նա կարող է կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, անամոթաբար կառավարել ներքաղաքական գործընթացները: Ուկրաինան, կարծես, ամենաակնհայտ օրինակն է:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ես համոզված եմ, որ նրա ժողովուրդը ռուսներին թշնամի չի համարում: Ցավոք, այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ երկրի որոշ քաղաքական գործիչներ մրցակցում հակառուսական հռետորաբանության մեջ իրենց նեղ շահադիտական, կոնյունկտուրային նպատակներին հասնելու համար:
Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի և մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները կվերականգնվեն:
Իսկ ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքում մեր օրակարգը միավորող բնույթ ունի, ուղղղված է այնտեղ գտնվող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը, այդ տարածաշրջանում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը և ներդաշնակեցմանը, կոլեկտիվ անվտանգության և սպառնալիքներին և մարտահրավերներին համատեղ արձագանքելու ներուժի ամրապնդմանը», - ասել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Լավրովը նշել է ՌԴ-ի և Վրաստանի ուղիղ օդային հաղորդակցության վերսկսման պայմանները