Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու. Այսօր արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի ծննդյան օրն է
Սիամանթոն ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստանում է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում։ 1892 թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այնտեղ նա երկու տարի սովորում է Միրիճանյան դպրոցում, իսկ այնուհետև Պերպերյան վարժարանում։
Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1898 թ-ին, «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում։ 1902 թ-ին տպագրվել է նրա առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն, և գրական աշխարհը ողջունել է գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Այնուհետև հրատարակվել են «Հայորդիներ» ընդհանուր խորագրով բանաստեղծական 3 շարքերը (1905, 1906 և 1908 թթ.): Եթե «Դյուցազնորեն»-ում հիմնականում ցասման և պայքարի տրամադրություններ են («Արշալույսները», «Ճակատամարտը» և այլն), ապա երկրորդում գերիշխողը հոգեկան ապրումներն են։ Պատմության դասերի մեջ խտացնելով դարերի վրեժը («Դարերու վրեժ», «Հողին ձայնը», «Մենախոսություն» և այլն) ու շիկացնելով այն փլատակված հայրենիքի սարսուռներով («Որբերու ճակատագրեն», «Բանտերու խորանեն», «Կախաղաններու կատարեն» և այլն)՝ Սիամանթոն ազատագրական պայքարի է կոչում Հայորդուն ու նրա հերոսական մաքառումները բոցավառում հաղթանակի հավատով։ 1907 թ-ին Փարիզում լույս է տեսել «Հոգեվարքի և հույսի ջահեր» շարքը, որտեղ գերակշռողը տառապանքի փիլիսոփայական վերապրումներն են։ Օրհասի տխուր մտորումների մեջ նա բազմիցս կարոտով վերհիշում է հայրենի եզերքի գեղեցկությունն ու մանկության օրերի խայտանքները, ողբում իր ժողովրդի դառը ճակատագիրը («Արցունքներս», «Ափ մը մոխիր՝ հայրենի տուն...», «Արյունս», «Ձեռքերդ ինձ երկարե» և այլն): Միևնույն ժամանակ նահատակության հերոսը հույսի ջահեր է վառում նրա հոգում («Ես երգելով կուզեմ մեռնիլ...», «Ասպետին երգը», «Հույսին համար» և այլն): 1908 թ-ին՝ երիտթուրքերի պետական հեղաշրջումից ու սահմանադրության ընդունումից հետո, Սիամանթոն նույնպես վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1909 թ-ին գրել է «Կարմիր լուրեր բարեկամես» շարքը՝ հայոց եղեռնամատյանի արյունոտ էջը. սկսվում է «Սուգ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են արյունոտ դրվագներ պատմող 11 նամակ-քերթվածներ («Պարը», «Քավություն», «Լոգանք», «Դաշույն» և այլն), սակայն ավարտվում է «Հաղթանակ մը» բանաստեղծությամբ, որտեղ Սիամանթոն պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի։ 1909 թ-ին Սիամանթոն մեկնել է ԱՄՆ, որտեղ եղել է Բոստոնում լույս տեսնող «Հայրենիք» թերթի խմբագիրներից մեկը։ Նա լույս է ընծայել բանաստեղծությունների նոր շարք՝ «Հայրենի հրավեր»: Տարագիր հայերին ուղղված 12 կոչերում բանաստեղծն աղերսում է վերադառնալ և պաշտպանել հայրենի բնաշխարհը.
Վերադարձե՜ք, որդինե՜ր, ձեր գութանին
և արորին ժանգը նորեն սրբելու.
Թո՜ղ նորեն ձեր հնադարյան
հայրենի հողը ծաղկոտի...
Թո՜ղ ձեր հունձքերն հովտե հովիտ՝
ծովերուն պես տարածվին...
1910 թ. Բոստոնում լույս ընծայել է «Ամբողջական երկեր» խորագրված հատորը, որտեղ ամփոփել է մինչ այդ հրատարակած իր գործերը։ 1911 թ-ին նա կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղ քաղաքական մթնոլորտը փոքր-ինչ մեղմացել էր: Այդ շրջանի նրա պոեզիայում «չարչարանքի տեսիլները» տեղի են տվել՝ «հոգևոր Հայաստանի» կերպարում ուրվագծելով ազգի գոյության ու հարատևման հեռանկարը։ Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), փառաբանել հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», «Թող զորությունը ձեզ խոսի», երկուսն էլ՝ 1911 թ.): 1912 թ-ին՝ հայ գրերի 1500-ամյակի համազգային տոնի օրերին, գրել է «Սուրբ Մեսրոպ» պոեմը.
Մեսրո՜պ, հայ դարերուն դիմաց կեցող՝
Դո՜ւն ադամանդյա ապառաժ,
Դո՜ւն մանուկներու մերկ ուղեղեն
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,
Գիտակցությանց անգյո՜ւտ փարոս...
1913 թ-ին ուղևորվել է Թիֆլիս, ընկերանալով Հայ Հեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի դագաղին, հանդիպել հայ գրողների և ազգային գործիչների հետ, այցելել Էջմիածին, Օշական, գնացել Բաքու, ապա մեկնել Եվրոպա: Վերադարձել է Կոստանդնուպոլիս լավատեսությամբ լեցուն ու նոր մտահղացումներով։ Սակայն հայտնատեսի բացառիկ ունակությամբ իսկույն գուշակել է թուրքական քաղաքականության մութ խորշերում նյութվող նենգամիտ դավը, որը ճակատագրական էր նաև իր համար: Սիամանթոն ձև է տվել հայ ազատաչափ (վերլիբր) բանաստեղծությանը և էականորեն հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը. ստեղծել է նոր բառեր ու բառակապակցություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչականությունը։ Նրա պոեզիան որոշ աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հետ։ Սիամանթոյի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն։