Աբգար Մուրադյան-75. ակադեմիական երաժիշտ, որ կլարնետի հնչողությունը բարձրացրեց ավելի բարձր մակարդակի (Լուսանկարներ)
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրել էր հիշատակի համերգ՝ նվիրված կլարնետահար, մանկավարժ, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի 75- ամյակին։ Աբգար Մուրադյանն իր գործունեությունը կատարողական և կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը։ Տասնամյակներ առաջ հեռուստատեսության և ռադիոոյի նվագախմբի հիմնադրման առիթով հայտարարված մրցույթում մեծանուն Օհան Դուրյանը, լսելով դեռևս առաջին կուրսում սովորող Աբգար Մուրադյանի
կատարումը, ասաց՝ առաջին կլարնետ։ Եվ այդպես՝ որպես առաջինը նա ապրեց
ու ստեղծագործեց ամբողջ կյանքում։
Կլարնետահարի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Աբգար Մուրադյան» դուետը (Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ, Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր) և Կոմիտասի անվան ազգային քառյակը (Էդուարդ Թադևոսյան՝ առաջին ջութակ, Սյուզի Երիցյան՝ երկրորդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Անժելա Սարգսյան՝ թավջութակ)։
ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը նշում է, որ Աբգար Մուրադյանը մեր լավագույն կլարնետահարներից է։ Անցել է փայլուն դպրոց, ելույթ է ունեցել նվագախմբերի, անսամբլների կազմում, մենահամերգներով։
«Մենք հաճույք ենք ունեցել Աբգար Մուրադյանի հետ ոչ միայն Հայաստանում ելույթ ունենալու, այլև Ավստրիայում։ Գիտեք, որ Ավստրիան դասական երաժշտության օրրաններից է, որտեղ նա շատ բարձր տպավորություն թողեց թե՛ որպես կատարող-կլարնետահար, թե՛ որպես երաժիշտ։ Շատերից տարբերվում էր բարձր կուլտուրայով, ուներ բարձր տեխնիկական հնարավորություններ, իր ամբողջ էությամբ երաժշտության մարդ էր»,- ասում է Էդուարդ Թադևոսյանը։