Լևոն Շանթ-150. Ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում
«Շանթը ծնվել է Թումանյանի հետ, ապրել Իսահակյանի չափ»,- Հայաստանի ազգային գրադարանում Լևոն Շանթի 150-ամյակին նվիրված ցուցադրություն-միջոցառմանը նշեց գրականգետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նկատելով, որ կենսագրական
այս զուգահեռներները պատահական համընկնումներ չեն. Շանթի կյանքն ու ստեղծագործությունը սերտ աղերսներ ունեն երկու հայ մեծերի հետ:
Անվանի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ, «Համազգային մշակութային հիմնադրամի» հիմնադիր Լևոն Շանթի (Լևոն Նաղաշպետյան կամ Լևոն Սեղբոսյան) 150-ամյակին նվիրված գրքերի ցուցադրությունը բացվեց Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Ազգային գրադարանի հարուստ հավաքածուից ցուցադրվեցին Լևոն Շանթի ամենառաջինից գրքերից մինչև ամենավերջին հրատարակությունները՝ 1893-ին լույս տեսած «Լեռան աղջիկը» գրքից մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակում հրատարակված ինը հատորյակը, ինչպես նաև գրական
թարգմանությունները, գրողին վերաբերող աշխատություններ…
«Կարևոր ցուցադրություն է: Կարծում եմ՝ նմանատիպ ցուցադրությունները շարունակական կլինեն Ազգային գրադարանում:
Եթե անգամ մի մարդ ինչ-որ նոր բան քաղի ցուցադրություններից՝ կարող ենք դրանք ստացված համարել»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ իր համար, օրինակ, բացահայտում էր, որ Շանթը թարգմանել է Վոյնիչի «Բոռը»:
Գրականագետը ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գրադարանին նվիրվեց Լեւոն Շանթի երկերի ժողովածուի վերջին 5 հատորները և ընդգծեց, որ Հայաստանի ազգային գրադարանը գրքերի ամենահուսալի պահոցն է:
Միջոցառմանը ներկա էր նաև քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Նա անդրադարձավ Լևոն Շանթ քաղաքական գործչի գործունեությանը՝ նշելով, որ ցուցադրությունը լավ առիթ է Շանթի դերը ևս մեկ անգամ արժևորելու և նրա գրական ու քաղաքական գործունեությանը երիտասարդներին ծանոթացնելու համար:
Միջոցառումը ուղեկցվեց Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահի սյուներին և առաստաղին շարժապատկերների ցուցադրությամբ: Այնուհետեւ գրադարանի կինոսրահում ցուցադրվեց Լևոն Շանթի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ: