«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը ազդարարվեց Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմով, որը նվիրված է հայ մեծանուն կիոմպոզիտոր Արամ Խաչատրյանին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը Գյումրիում տրվեց «ԱՊՀ երկրների համարտադրություն ֆորում» ծրագրով: Փառատոնի բացումը ազդարարվեց Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմով, որը նվիրված է հայ մեծանուն կիոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական ստեղծագործության ստեղծման անհավանական պատմությանը:
Ֆիլմի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը «Սուսերով պար» է կոչվում, քանի որ այն նվիրված է «Գայանե» բալետի «Սուսերով պարը» ստեղծագործության ստեղծման պատմությանը: «Պատերազմի ժամանակ Մոլոտով քաղաքում (այժմ՝ Պերմ), երբ պետք է ցուցադրվեր «Գայանե» բալետի պրեմիերան, Ա. Խաչատրյանին փաստացի պարտադրել են «Գայանե» բալետի համար գրել նոր պար: Եվ նա ընդամենը ութ ժամում գրել է այդ ստեղծագործությունը: Իմ գլխավոր առաջադրանքն էր՝ պատմել այդ մասին այն տեսանկյունից, թե ինչ է զգացել, ինչ ապրումներ է ունեցել կոմպոզիտորը, որ այդ ութ ժամվա ընթացքում կարողացել է ստեղծել այդ բարձրարժեք ստեղծագործությունը»:
Ռեժիսորի հավաստմամբ՝ ֆիլմում բացահայտված են փաստեր, որոնց մասին հայտնի չէր կոմպոզիտորի ընտանիքին, անգամ կնոջը:
Արամ Խաչատրյանի դերում նկարահանվել է Մոսկվայի Ֆոմենկոյի անվան ստուդիայի երիտասարդ դերասան Համբարձում Կաբանյանը:
«Սուսերով պարը» ֆիլմի նկարահանումների ավարտը համընկավ հայաստանյան հեղափոխության ավարտի հետ»,- նկատեց Ռազիկովը: Նա նաև նշեց, որ մինչ ֆիլմի նկարահանումները սկսելը, մի քանի անգամ եկել է Հայաստան: Մինչ այդ նա Հայաստանի մասին լսել էր խորթ հորից՝ Լև Հերունցևից, ով հայ էր՝ քաղավիացիայի օդաչու, և նրա շնորհիվ ընտանիքը հայ բարեկամներ ուներ։
«Երբ Հայաստան ես գալիս, քեզ տիեզերքի կենտրոնում ես զգում: Կարծում եմ՝ աշխարհը քիչ է ուշադրություն դարձնում Հայաստանին, ավելի շատ պետք է ուշադրություն դարձնի: Աջակցել Հայաստանին, կնշանակի աջակցել մասնավորապես շատ մշակույթների»,- նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ ցանկացել է իր ֆիլմով նույնպես նպաստել դրան:
Մանրամասն՝ տեսանյութում: