Ջերեմի Հանթն առաջարկել է պրոֆեսիոնալ դիվանագետի նշանակել ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանի պաշտոնում
Պահպանողական կուսակցության նախագահի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Ջերեմի Հանթն առաջարկել է փոխարինել ԱՄՆ-ում գործող բրիտանական դեսպան Քիմ Դերոքին մեկ ուրիշ պրոֆեսիոնալ դիվանագետով, քանի որ գաղտնազերծված հեռագրերի շուրջ սկանդալը կարող է վտանգել Brexit կուսակցությանը, գրում է The Guardian-ը:
«Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտական ծառայության լավագույն առանձնահատկություններից են պրոֆեսիոնալ դիվանագետների ցուցադրած հմտությունները, եւ պարոն Դերոքը դրա օրինակն է: Մենք ունենք մի քանի ակնառու թեկնածուներ եւ միանշանակ կդիտարկենք նրանց»,-հայտարարել է Հանթը BBC Radio 4’s ռադիոհաղորդման եթերում:
Ընդ որում՝ նա նաեւ պաշտպանել է ԶԼՄ-ների իրավունքը գաղտնազերծված հեռագրերի բովանդակությունը հրապարակելու առնչությամբ՝ հայտարարելով՝ «որքան էլ անհարմար է, եթե նրանք կարծում են, որ այդպես է պետք, ուրեմն անհրաժեշտ է ներկայացնել այդ հեռագրերը հանրությանը»:
Դիվանագիտական սկանդալի պատմությունը ստացել է եւս մեկ զարգացում. լրագրող Իզաբել Օուքշոթը, որն այսօր the Mail պարբերականում հրապարակել էր դեսպանի դիվանագիտական հեռագրերից մի քանիսը, հայտարարել է, որ նրա գործընկեր, Brexit կուսակցության նախագահ եւ խորհրդարանի նորընտիր անդամ Ռիչարդ Թայսը որեւէ պատկերացում չուներ տեղեկատվության արտահոսքի մասին ընդհուպ մինչեւ դրա հրապարակումը:
Թայսն, իր հերթին, հայտարարել է, որ Քիմ Դերոքին պետք է փոխարինի բրեքսիթի օգտին ներկայացող գործարարը, որը կարող է իրագործել այն, ինչ կենսական նշանակություն ունի, ներառյալ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների վերականգնումն ու բրեքզիթի հարցով առեւտրային գործարքը: