Ադրբեջանը կշարունակի մինչև ատամները զինվել. Գրիգորի Այվազյան
Ադրբեջանը չնայած պաշտոնապես պետք է խաղաղության պատրաստվի, բայց գործնականում շարունակում է պատրաստվել պատերազմի և շարունակում է մինչև ատամները զինվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի նախազգուշացում կատարեց Ադրբեջանի հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայկական քարոզչությունը և տեղեկատվական պատերազմը: Ցայտուն օրինակը համացանցի ադրբեջանական հատվածի արձագանքն է վերջերս Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:
«Սկսել են քննարկել և խոսել մինչև այն մասին, որ իրենք են նոր զենք փորձարկել»,- նշեց Այվազյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն առայժմ այդպիսի տեխնոլոգիաներ չունի, բայց չի թաքցնում, որ ձգտում է ձեռք բերել:
«Մենք ևս անելիք ունենք. նվազագույնը թույլ չտալ համանման իրավիճակներ, որոնք անկախ պատճառներից, ազգային անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում»,- նշեց Այվազյանը՝ հավելելով, որ դրանով Ադրբեջանում փորձում են ազատվել Մինգեչաուրիի ՀԷԿ-ում սեփական վթարից:
Այվազյանը զուգահեռ կոչ արեց քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առավելագույն լրջմտություն դրսևորել տարածաշրջանում տեղի ունեցողի հանդեպ, խնդիրներին ավելի շատ ժամանակ հատկացնել, այլ ոչ թե ուղիղ եթերներին և քաղաքական շոուներին: Սուր լեզուն լավ է, բայց սուր միտքն ավելի լավ է, հիշեցրեց Այվազյանը:
Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանում խոստացել են Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Արցախը ճանաչել: «Ինչո՞ւ դա չարեցին 2016 թվականի ապրիլից հետո: Արցախը ճանաչելու ճիշտ ժամանակն էր: Հիմա խնդիրներ չէին լինի բանակցություններին Արցախի մասնակցության հարցում»,- կարծում է Այվազյանը:
Այվազյանը խոսեց նաև Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի նիստի մասին: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ֆաշիզմ են քարոզում, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար խայտառակություն է այնտեղ միջոցառումներ կազմակերպելը, կարծում է Ադրբեջանի հայերի ասամբլեա հասարակական կազմակերպության նախագահը: Նա հիշեցրեց ֆաշիզմի քարոզչության բազմաթիվ փաստեր՝ Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացումից մինչև ռամիլ սաֆարովի հերոսականացում: «Դրանից հետո մերոնք նստել և ափսոսում են, որ իրենց անվտանգության երաշխիքներ չեն տվել միջոցառմանը մասնակցելու համար: Ոչ թե ափսոսել է պետք, այլ ամեն ինչ անել, որ այդպիսի միջոցառումը Ադրբեջանում չանցկացվի»,- նշեց Այվազյանը: