Ամերիկյան կարգավորողները հաստատել են Facebook-ի նկատմամբ սահմանված 5 մլրդ դոլարի ռեկորդային տուգանքը
Ամերիկյան կարգավորողները գաղտնի տվյալների արտահոսքի հետաքննության արդյունքներով հաստատել են Facebook ընկերության նկատմամբ սահմանված 5 մլրդ դոլարի ռեկորդային տուգանքը, հայտնում է BBC News-ը:
Դաշնային առեւտրային հանձնաժողովը մեղադրանքների հետաքննություն էր անցկացնում, որոնց համաձայն՝ Cambridge Analytica քաղաքական քոնսալթինգային գործակալությունը ապօրինի ճանապարհով ստացել է Facebook-ի մինչեւ 87 մլն օգտատերերի տվյալները:
Facebook-ը եւ Դաշնային առեւտրային հանձնաժողովը հեռուստաալիքին հայտարարել էին, որ այս լուրի հետ կապված մեկնաբանելու ոչ մի բան չունեն:
Հանձնաժողովը Facebook-ի գործով հետաքննությունը սկսել էր 2018 թվականի մարտին այն հայտարարություններից հետո, որ Cambridge Analytica գործակալությունը տնօրինել է միլիոնավոր օգտատերերի տվյալները:
Հետաքննության ուշադրության կենտրոնում էր այն, թե ընկերությունն արդյոք խախտել է 2011 թվականի համաձայնագիրը, որի համաձայն՝ օգտատերերին անհրաժեշտ է իրազեկել եւ նրանցից «հստակ արտահայտված համաձայնություն» ստանալ նրանց տվյալների փոխանցման համար: