Կիևում «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքը գնդակոծել են նռնականետով
Կիևում հուլիսի 13-ի գիշերը Դեգտյարևսկայա 21Գ փողոցում երկու անհայտ անձինք նռնականետից գնդակոծել են «112 Ուկրաինայի» շենքը:
Ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել: Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Տեղական ժամանակով 3:40-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ տեղացիները քաղաքի Շևչենկոյի շրջանում Դեգտյարևսկայա փողոցում լսել են պայթյունի նման ձայն: Նշված հասցեով անմիջապես մեկնել են ոստիկանության տարածքային և գլխավոր վարչությունների օպերատիվ-քննչական խմբեր, պայթյունի տեխնիկներ, կինոլոգներ և պարեկային անձնակազմեր:
Ոստիկանները հայտնաբերել են շենքի վնասված ճակատը, շրջապատել են հանցագործության վայրին հարակից տարածքը: Գտել են նռնականատի կրակված տուբուս, որը կուղարկեն փորձաքննության: Արդյունքում ոչ ոք չի տուժել: Մայրաքաղաքում անցկացվում է հատուկ գործողություն հրաձիգին բռնելու համար: