Ես գրում եմ, որովհետև երբեք չեմ կարողացել երջանիկ լինել. Օրհան Փամուկ
Ֆերիթ Օրհան Փամուկը թուրք փոստ-մոդեռն վիպասան է։ Նա 2005 թվականին սկսել է հետապնդվել Թուրքիայում այն բանից հետո, երբ պնդել է, որ 1915 թվականի հայերի սպանդը ցեղասպանության հետևանք է եղել:
Մեզ՝ գրողներիս ամենահաճախ տրվող, սիրելի հարցը հետևյալն է. ինչո՞ւ եք գրում։ Ես գրում եմ, որովհետև բնածին կարիք ունեմ գրելու։ Գրում եմ, որովհետև չեմ կարող նորմալ գործ անել, ինչպես ուրիշներն են անում։ Գրում եմ, որովհետև ուզում եմ այնպիսի գրքեր կարդալ, ինչպիսին որ ես եմ գրում։ Գրում եմ, որովհետև ես բարկացած եմ բոլորի վրա։ Գրում եմ, որովհետև սիրում եմ ողջ օրը նստել սենյակում և գրել։ Գրում եմ, որովհետև կարող եմ իրական կյանքին մասնակցել միայն այն փոխելով։ Գրում եմ, որովհետև ուզում եմ, որ ուրիշները, ողջ աշխարհն իմանա, թե մենք ինչ տեսակ կյանք ենք ապրել և շարունակում ենք ապրել Ստամբուլում, Թուրքիայում։ Գրում եմ, որովհետև ես սիրում եմ թղթի, գրչի և թանաքի հոտը։ Գրում եմ, որովհետև հավատում եմ գրականությանը, վեպի արվեստին ավելի, քան որևէ այլ բանի։ Գրում եմ, որովհետև դա սովորություն է, կիրք։ Գրում եմ, որովհետև վախենում եմ մոռացվելուց։ Գրում եմ, որովհետև սիրում եմ այն փառքն ու հետաքրքրությունը, որ գրելը բերում է։ Գրում եմ, որ մենակ լինեմ։ Գուցե գրում եմ, որովհետև հույս ունեմ, որ կհասկանամ, թե ինչու եմ այսքան շատ բարկացած բոլորի վրա։ Գրում եմ, որովհետև սիրում եմ, երբ գրածներս կարդում են։ Գրում եմ, որովհետև եթե մի վեպ, մի ակնարկ կամ մի էջ արդեն սկսել եմ, ուզում եմ այն վերջացնել։ Գրում եմ, որովհետև բոլորն ինձնից սպասում են, որ գրեմ։ Գրում եմ, որովհետև մանկական հավատ եմ տածում գրադարանների անմահության և գրադարակներում գրքերիս նստելու ձևի հանդեպ։ Գրում եմ, որովհետև հուզիչ է կյանքի բոլոր գեղեցկություններն ու հարստությունները բառերի վերածելը։ Ես գրում եմ ոչ թե պատմվածք պատմելու, այլ ստեղծելու համար։ Գրում եմ, որովհետև հույս ունեմ եմ փախչելու այն կանխազգացումից, որ մի տեղ կա, ուր պիտի գնամ, բայց ինչպես երազում, այդպես էլ չեմ կարողանում հասնել։ Ես գրում եմ, որովհետև երբեք չեմ կարողացել երջանիկ լինել։ Գրում եմ, որ երջանիկ լինեմ: