Ռուսաստանում մահացել է Մամուդ Շավերշյանը, որը հայտնի է չունևորներին անվճար հաց բաժանելով
Ռուսաստանում մահացել է հայ ձեռներեց Մամուդ Շավերշյանը, որը հայտնի է Ստրունինո քաղաքի բնակիչներին անվճար հաց բաժանելով:
Այս մարդու անունը երկու տարի առաջ բոլոր լուրերի մեջ էր՝ լրագրողները գրում էին, որ Մամուդն արդեն երկար տարիներ Ստրունինոյի իր խանութում միանգամայն անվճար հաց է բաժանում թոշակառուներին, բազմազավակ ընտանիքներին և հաշմանդամությամբ մարդկանց: Այս օգնությունը շատերին իրապես օգնել է գոյատևել: Ձեռներեցը հաց է բաժանել նաև իր մոսկովյան խանութում:
«Մամուդը 10 տարուց ավելի Ստրունինոյում և Մոսկվայում իր խանութներում անվճար հաց է բաժանել: Դա արել է ոչ պատվոգրերի համար, ոչ այն բանի համար, որ քաղաքի օրը նշելիս իրեն բեմ հանեն: Նա հանրային մարդ չէր: Պարզապես կատարել է պապի պատվիրանը՝ օգնել նրանց, ովքեր քեզնից ավելի վատ են ապրում: Նա օգնում էր տաջիկ տղաներին, որոնք վաստակելու համար գալով՝ քաղցած էին մնում: Եվ ամեն օր անվճար հաց էր տալիս ռուսներին, թաթարներին, ուկրաինացիներին՝ բոլորին: Լրագրողները նկատել են, որ ամեն օր անվճար հաց բաժանելու է մեկնել «ԳԱԶել»-ը: Նա այն պարզապես լրացուցիչ պատվիրում էր»,- Facebook-յան իր էջում գրել է Մամուդին ծանոթ Միխայիլ Դեմենտևը:
Չնայած ձեռներեցի վերաբերյալ հաճախ էին զրպարտագրեր գրում, որ իբր, հացը պետությունից է ստանում և մի մասը յուրացնում է, նա չի հուսահատվել և շարունակել է օգնություն ցույց տալ: Շատերը, հավանաբար, չէին հավատում, որ կարելի է անշահախնդիր օգնել, սեփական գրպանից: Նա կարգախոս ուներ՝ «օգնել նրանց, ովքեր քեզնից վատ են ապրում»:
«Նա առանցք ունեցող մարդ էր, և մարդ էր բոլոր ազգերի համար: Մի անգամ «Գուբերնիա 33»-ի հետ հարցազրույցում ասել է. «Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի մարդ էր պապս: Ամբողջ պատերազմն անցել է, Հաղթանակից մի քանի ամիս առաջ առանց ոտքի մնացել: Բայց չի հուսալքվել, վառարանի վրա նստած չի մնացել, դարձել է կոլտնտեսության նախագահ: Եվ ոչ մեկին չի մերժել օգնություն ցույց տալ:
Ինձ ասում էր՝ կուշտ մի կեր, կուշտ մի խմիր, իսկ մարդկանց օգնիր և ինքդ էլ բարի գործը հիշիր: Ահա թե ինչու ես ռուս չեմ, բայց հայրանունս Մաքսիմովիչ է: Որովհետև պապս իր բոլոր որդիներին անվանել է ճակատային ընկերների պատվին: Մաքսիմը շտաբի պետն էր, նրանք միասին Կուրսկի աղեղում են մարտնչել»»,- Մամուդի մասին պատմել է Միխայիլ Դեմենտևը: