Մերկելն իրոք առողջական լուրջ խնդիրներ ունի. Դանիայի վարչապետի հետ հանդիպմանը երկրի օրհներգը նա նստած է լսել
Այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիքսենի հետ հանդիպմանը երկրի օրհներգը նստած է լսել, հայտնում է Welt պարբերականը:
Հերթական, 3 շաբաթում երրորդ դողի նոպան Մերկելի մոտ տեղի էր ունեցել չորեքշաբթի Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ հանդիպման ժամանակ: Նոպան տեւել էր մոտ մեկ րոպե, սակայն ավելի ուժգին էր եղել, քան նախորդները:
Spiegel ամսագիրն ընդգծում է, որ դողի նոպաները կանցլերի մոտ տեղի են ունենում, երբ նա ստիպված է լինում երկար կանգնած մնալ: Սրա հետ կապված հինգշաբթի Գերմանիայի կանցլերը եւ Դանիայի վարչապետը ազգային օրհներգերը լսել են նստած: Ընդ որում՝ Bild տաբլոիդի տեղեկություններով արարողակարգը փոխել են հատուկ Մերկելի ցանկությամբ:
Ավելի վաղ N-tv-ն ցուցադրել էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ Մերկելի հանդիպման կադրեր, երբ կանցլերի մոտ սկսվել էր ուժգին դողի նոպա: Մերկելի մոտ համանման նոպա էր տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ կանցլերն իր հիվանդագին վիճակը բացատրել էր ջրազրկմամբ: Նրա խոսքով՝ ջուր խմելուց հետո իրեն ավելի լավ է զգացել: