ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է պատրաստում Կիպրոսի ջրերում երկրաբանական հետախուզում անցկացնելու պատճառով
Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցառումներ մտցնելու հարցը Անկարայի կողմից Կիպրոսի մերձափնյա շրջանում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու պատճառով: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի հայտարարության նախագիծը:
«Թուրքիայի ապօրինի երկրաբանական հետախուզական աշխատանքների շարունակման լույսի ներքո ԵՄ-ն որոշել է դադարեցնել օդային տրանսպորտի վերաբերյալ Համապարփակ համաձայնագրով բանակցությունները եւ որոշում է ընդունել անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակով հետագա հանդիպումներից»,- նշված է փաստաթղթում, որը քննարկվելու է հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
Դրանից բացի, ԵՄ Խորհուրդը կառաջարկի կրճատել 2020 թվականին Թուրքիային ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ Եվրոպական ներդրումային բանկին կոչ կանի վերանայել Թուրքիային առնչվող իր գործունեությունը: Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն պատրաստ է երկրի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ մտցնել, եթե չդադարեցնի երկրաբանական հետախուզական աշխատանքները:
Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ շրջան էր ուղարկել «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին թույլատրել էին թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների կալանավորումը: Չնայած դրան, Թուրքիան հուլիսի 4-ին դեպի Կիպրոս էր ուղարկել հորատման երկրորդ «Յավուզ» նավը՝ շելֆում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին պաշտպանելու շելֆային հանքավայրերի նկատմամբ կիպրոսցի թուրքերի իրավունքները, այդ թվում՝ զինված ուժի կիրառմամբ: