Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն, որ գումար է հատկացվել շուրջ 70 հաստատությունների՝ նախագծանախահաշվային
փաստաթղթերի պատրաստման և շինարարական աշխատանքներ իրականացնելու
համար, լայն արձագանք է գտել.
«Մասնագետները ևս մատնանշում են, որ նման ծավալի աշխատանքներ, հատկապես կապիտալ նեդրումների առումով, նման ժամկետներում չեն իրականացվել: Նման հատկացումներ կկատարվեն նաև գիտության և մշակույթի ոլորտում. առաջարկվում է 448 մլն դրամ այս տարի հատկացնել Գիտության կոմիտեին: Այս տարի տրամադրվող
գումարները, իրոք, աննախադեպ են, քանի որ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար այս ծավալի գումար նախորդ տարիներին չի հատկացվել, և սա գիտության ոլորտում ևս դրական արձագանք է գտել»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վերջին տարիների գիտական սարքավորումներ գնելու համար հատկացվել է տարեկան 90
մլն դրամ, մինչդեռ այս տարի հատկացվել է 320 մլն և 420 մլն դրամ, որը, ըստ Արայիկ Հարությունյանի, խթան կհանդիսանա գիտության զարգացման համար:
Կից ներկայացնում ենք մանրամասն տեղեկատվություն՝ հատկացումների վերաբերյալ:
ՏԵՂԵԿԱՆՔ
Այսօրվա Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000 հազ. դրամի չափով իրականացնել թվով 7 սարքերի և սարքավորումների՝ ձեռքբերման ներդրումային ծրագրեր:
. ֆիզիկա` XRF (ռենտգենյան ճառագայթների ֆլուորեսցենցիա) սպեկտրոմետրի ձեռքբերման նպատակով,
. մոլեկուլային ֆիզիկա` դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր ձեռք բերելու նպատակով` ԴՆԹ-ի հետ տարբեր հակաուռուցքային պրեպարատների (ցիսպլատին, տրանսպլատին, պորֆիրիններ և այլն) հետ փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմները պարզաբանելու ուղղությամբ իրականացվող հետազորությունների համար,
. գիտություններ կյանքի մասին` Ատոմական ուժային մանրադիտակ ձեռքբերելու նպատակով, որը կարող է աշխատել բազմապրոֆիլ և' կենսաբանական, և' ֆիզիկական, և' քիմիական, և' նյութաբանական ոլորտում, ինչպես նաև լայն կիրառվում է դեղորայքի
սքրինինգի ժամանակ,
. քիմիա` մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆ ձեռքբերելու նպատակով,
. ռադիոէլեկտրոնիկա/երկակի` ռադիոլոկացիայի, հատուկ նշանակության կապի, արբանյակային համակարգերի և երկակի նշանակության մի շարք այլ հետազոտություններ և մշակումներ կատարելու համար գերբարձր
հաճախականության տիրույթի ունիվերսալ շղթաների վեկտորական անալիզատոր
ձեռքբերելու նպատակով,
. ռադիոէլեկտրոնիկա/երկակի` գերբարձր հաճախականության տիրույթում ճառագայթիչ և գրանցիչ ձեռքբերելու նպատակով,
. հայագիտություն` լայնաֆորմատ սքանավորման բարձր տեխնոլոգիական համակարգի ձեռքբերման նպատակով:
Նույն որոշման համաձայն՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին հատկացնել 28000 հազ. դրամ՝ Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման համար: Կենտրոնի նպատակը պետք է լինի գիտական և գիտատեխնիկական գործունեության որոշակի ուղղություններում
գիտական հետազոտությունների և տնտեսության համապատասխան բնագավառի տվյալների բազաների ստեղծում, վարում, վերլուծություն և (վերա) վերլուծություն, հետազոտական գործիքակազմի տրամադրում օգտատերերին, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում տվյալների վերլուծության մեջ և այլն:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2019 թվականին կհատկացվի 690,688.3 հազար դրամ, մասնավորապես.
1) 650 հազար դրամը հատկացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական
թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կաթսայատան վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
2) 24,680.0 հազար դրամը հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, որից՝
ա. 4,000.0 հազար դրամը՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի
տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
բ. 20,680.0 հազար դրամը՝ հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման աշխատանքների համար,
3) 613,743.3 հազար դրամը հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին, որից՝
ա. 9,777.4 հազար դրամը՝ կազմակերպության մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
բ. 603,965.9 հազար դրամը՝ կազմակերպությանն ամրացված շենք-
շինության օդափոխության համակարգի անցկացման համար,
4) 13,620.0 հազար դրամը հատկացնել «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
5) 13,611.0 հազար դրամը հատկացնել «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության
վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
6) 24,384.0 հազար դրամը հատկացնել «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան
դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: