Խորհրդային Միության փլուզումը դրական երևույթ էր բուն Ռուսաստանի համար. Տուսկ
Ես ցանկանում բարձրաձայն և հստակ ասել, որ Խորհրդային Միության փլուզումը դրական երևույթ էր Վրաստանի, Լեհաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է Բաթումիում ընթացող «Արժեքավոր գործընկերության 10 տարի. անցած ճանապարհը և հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովին, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը:
Դոնալդ Տուսկը նշել է, որ այս տարի նշվում է նաև Եվրամիության ընդլայնման 15-րդ տարին, ինչը մեծ արդյունքների է հանգեցրել:
«Ինձ համար մեծ պատիվ է այս համաժողովին մասնակցելը արտասովոր քաղաք Բաթումիում, որտեղ մենք նշում ենք Արևելյան գործընկերության 10-ամյակը: Սա կարևոր է նաև այն իմաստով, որ կարևոր միջոցառումներ են նշվում նաև Եվրոպայի պատմության մեջ: 2019 թվականին մենք նշում ենք Եվրամիության ընդլայնման 15-րդ տարին, որը մեծ արդյունքներ է բերել իմ երկրին՝ Լեհաստանին: Նույն տարում մենք նշում ենք խորհրդային գերիշխանության տապալումը, որը սկսվեց Թբիլիսիում և այլ քաղաքներում ցույցերով: Նույն տարվա աշնանը Լեհաստանում անցկացվեցին ազատ ընտրություններ և այլն: Դուք հիշում եք, երբ 2005 թվականին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Խորհրդային Միության փլուզումը այն դարաշրջանի մեծագույն սխալն էր: Ես ցանկանում եմ հստակ ասել, որ Խորհրդային Միության փլուզումը դրական երևույթ էր Վրաստանի, Լեհաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար, վստահ եմ՝ նույնիսկ նաև բուն Ռուսաստանի համար: Դա անչափ խորհրդանշական ժամանակ էր, որպեսզի քննարկենք, թե ինչպիսի ճանապարհ ենք անցել վերջին 10 տարում և ինչպես շարունակենք ընթանալ»,- հայտարարել է Տուսկը: