Անհայտ տղամարդը փորձել է ներթափանցել Բուքինգեմյան պալատ
Լոնդոնի ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել, որը չորեքշաբթի գիշերը անցել է Բուքինգեմյան պալատի պարսպի վրայով եւ փորձել ներթափանցել պալատ: Սքոթլանդ Յարդից Evening Standard պարբերականին հայտնել են, որ կարգի պահապաններն այս միջադեպը ահաբեկչության փորձ չեն համարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, գիշերվա մոտ 2-ին թագավորական եւ բարձրաստիճան անձանց պահպանության համար պատասխանատու մայրաքաղաքի ոստիկանության ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են 22-ամյա տղամարդու, երբ պարիսպը հաղթահարելով հասել էր Բուքինգեմյան պալատի շքամուտքին: Նրա մոտ որեւիցե զենք չի եղել, եւ միջադեպը քննվում է որպես ահաբեկչության հետ չկապված դեպք: Ձերբակալվածը հսկողության տակ է Լոնդոնի կենտրոնական մասի ոստիկանական տեղամասում»,- հայտարարել է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչը:
Բուքինգեմյան պալատում աղբյուրն, իր հերթին, The Sun-ին հայտնել է, որ Եղիսաբեթ II թագուհին պալատում էր եւ քնած էր, երբ իրավախախտը թափանցել է նստավայրի տարածք: Պարբերականի տեղեկություններով՝ երիտասարդը ձերբակալվելուց առաջ մի քանի րոպե քայլել է շենքի շուրջը եւ թակել փակ դռները: The Sun-ի զրուցակիցը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ 37 տարի առաջ՝ 1982 թվականի հուլիսի 9-ին պալատ էր թափանցել 33-ամյա ներկարար Մայքլ Ֆեյգանը, որը երկար ժամանակ թափառել էր սենյակներով եւ բռնվել է միայն այն բանից հետո, երբ մտել է թագուհու ննջասենյակ, որն այդ պահին այնտեղ էր: Աղմկահարույց պատմությունը ամենամեծ բացթողումն է, որը թույլ է տվել բրիտանական միապետի անվտանգության ծառայությունը, եւ պարբերականի աղբյուրը չի բացառում, որ ձերբակալված տղամարդը, հնարավոր է, կրկնօրինակել է Ֆեյգանին: