Ալիևը քննարկել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել է ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ադրբեջանական պետության կայքին:
«Հանիպման ժամանակ քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում կապերի հետագա զարգացման եւ հեռանկարների հետ կապված հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գերասիմովը ժամանել էր Բաքու Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերի հետ հանդիպելու համար:
«Հանդիպման ընթացքում ընդգծվել էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացումը, հանդիպման ներկայացուցիչները գոհունակություն էին հայտնել ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայնման կապակցությամբ»,-ասվում է տեղեկատվության մեջ:
Ալիեւն ու Գերասիմովը շեշտել են Բաքվում պարբերաբար միջազգային մակարդակի նշանակալի բանակցություններն անցկացնելու կարեւորությունը:
Ալիեւն ընդունել էր նաեւ Թոդ Ուոլթերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը եւ հանրապետության ներդրումը Աֆղանստանում «Որոշիչ աջակցություն» Հյուսիսատլանտյան միության առաքելության մեջ: