Վարկածներից մեկով հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից. փոխնախարար
Հայաստանի էնեգետիկ ողջ համակարգում ժամը 1.46 րոպեին հաճախականության տատանում է եղել, որի հետեւանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր կայանները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նրա խոսքով, հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել. «Այս պահին դեռեւս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգոհամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնում են:
Մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ եւ ցանկացած տատանում մեր երկրում զգացվում է իրենց մոտ եւ հակառակը: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք եւս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: Բայց ասել, որ 100 տոկոսանոց ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգոհամակարգից, այս պահին չենք կարող»,-ասաց փոխնախարարը:
Նրա ոխսքով, կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն պատճառների վերաբերյալ եւ մեղավորներն անպայման կպատժվեն:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ անհանգստանալու կարիք չկա. «Որեւէ տեխնածին աղետ տեղի չունեցել չի էլ ունենա»:
Նա ընդգծեց, որ այս պահին համակարգում գործող հիմնական բազիսային կայանները եղել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ՀԷԿ-երը: Ատոմակայանը կանգնած է հունիսի 1-ից, ցանցում չի եղել:
Ավելի վաղ Operativ լրատվականը ուղիղ հեռարձակմամբ հաղորդել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի ասուլիսը: